Աշնան վերջին ամիսը նույնպես «բարեհաճ» գտնվեց՝ որևէ կերպ չխոչընդոտելով Ավետիսյան դպրոցի արտադասարանական և արտադպրոցական միջոցառումները:
Իսկ դրանք, ինչպես երևում է մեր լուսանկարչային ռեպորտաժից, բազմաբնույթ էին՝ մարզական մրցախաղերից մինչև թանգարանային այցեր և գիտական փնտրտուքներ:
Պատանի հետազոտողի ակումբ
Շատ հաճախ մենք տեսնում ենք ծառը, սակայն չգիտենք, թե ինչ է կատարվում նրա հետ: Համավարակի պայմաններում առանց համտեսելու հնարավո՞ր է որոշել, ասենք, սեղանին դրված պղպեղի քաղցր կամ կծու լինելը: Ինչի՞ց է, որ… Իսկ ինչո՞ւ….
Տալ հարցեր և գտնել դրանց պատասխանները, պրպտել, փորփրելով հասնել իրերի բնության խորքը: Մտածել ինքնուրույն, քանզի չկան պատրաստի պատասխաններ:
Նոյեմբերին այս սկզբունքներով սկսեց գործել Ավետիսյան դպրոցի պատանի հետազոտողի ակումբը, որը սիրով ղեկավարում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամում վերապատրաստում անցած ֆիզիկայի ուսուցչուհի Նարինե Մարգարյանը: Առաջին պարապմունքերն անցնում են ոգևորության մթնոլորտում, գիտական փոքրիկ բացահայտումները խանդավառում են պատանի հետազոտողներին: Եվ ի՞նչ իմանաս, թե այս պահին և հենց այստեղ՝ Ավետիսյան դպրոցում, հիմք չի դրվում գիտության մի նոր ճյուղի:
Ինչի՞ց է սկսվում հայրենիքը:
Պատասխանները բազմապիսի են, և բոլորն էլ՝ ճիշտ: Իսկ VI «ա» դասարանը (դասղեկ՝ Ժ. Թահմազյան) հայրենիքի ճանաչողության գործն սկսեց մայրաքաղաք Երևանի «ծննդյան վկայականից» և Էրեբունիի թանգարանից:
Նախակրթարանից մինչև տարրական և միջին դպրոց՝ սպորտից անբաժան. մեր մրցախաղերը՝ մարզահրապարակում և մարզադահլիճներում:
Նոյեմբերի վերջին II «գ»-ն (դասվար՝ Ս. Գրիգորյան) հրաժեշտ տվեց աշնանը:
Ճիշտ հակառակ իրականությանը՝ այդ հրաժեշտը լեցուն էր մանկական կենսախինդ երգ ու ծիծաղով, պայծառ գույներով, հայաստանյան աշնան բարիքներով և հայկական խոհանոցի ուտեստներով:
Իսկ մյուս՝ II «բ» դասարանը (դասվար՝ Լ. Սահակյան) մի անմոռաց օր անցկացրեց Ժողովրդական արվեստների թանգարանում:
Մեր փոքրիկ վարպետները մասնակցեցին թանգարանի կրթական ծրագրին և զարդանախշեր նկարեցին փայտե գորգերի վրա:
Նոյեմբերի 27-ը, ինչպես հայտնի է, հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան օրն է:
Նախօրեին բանաստեղծի տուն-թանգարանում նրա հիշատակը հարգեցին և նրա կյանքի նոր մանրամասներին ծանոթացան VII «գ» դասարանի պատանի չարենցագետները (դասղեկ՝ Ա. Սալնազարյան, գրականության ուսուցիչ՝ Լ. Ալեքսանյան):