Ավետիսյան դպրոցում շարունակվում են մանկավարժների ամբողջական վերապատրաստման սեմինար-դասընթացները, որոնք մեծ վարպետությամբ վարում է դպրոցի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը:

Սեմինար պարապմունքների ընթացքում դասընթացավար տիկին Ներսեսսյանը անդրադարձավ 9-11 տարեկան (4-6-րդ դասարանների) աշակերտների ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հուզական առանձնահատկություններին և ուսուցման գործընթացում ուսուցիչների կողմից դրանց կարևորմանը: Այս հույժ կարևոր և արդիական թեմաների քննարկմանը դասընթացում ընդգրկված երեք խմբերից յուրաքանչյուրի համար հատկացվեց 5-ական պարապմունք, և այդ 15 հանդիպումների ընթացքում դիտարկվեցին երեխաների դաստիարակության էական և առանցքային խնդիրները: Փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին քննարկումներն իրապես ընդլայնվեցին թե՛ տեսական և թե՛ գործնական առումով: Ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով նշված խմբի տարիքային առանձնահատկությունները՝ տիկին խորհրդատուն անցավ հաջորդ քայլին՝ տեսական գիտելիքները դասվարների կողմից կյանքի կոչելուն և դրանք գործնականում կիրառելու նրբություններին: Նրա կողմից անհրաժեշտ շեշտադրումներ արվեցին ցանկացած պահի մանկավարժի առջև ծառացող խնդիրները լուծելիս ճիշտ կողմնորոշվելու, անհատական մոտեցում ցուցաբերելու, ճկուն և անսխալ որոշումներ կայացնելու անհրաժեշտության վրա:

Սեմինարների ընթացքում դասվարներին հնարավորություն տրվեց նշված դիտանկյուններից (ֆիզիկական, մտավոր, սոցիալական և հուզական) յուրաքանչյուրի վերաբերյալ դիտարկումներ անել իրենց դասավանդած դասարաններում: Այդ դիտարկումների արդյունքները քննարկվեցին յուրաքանչյուր հերթական պարապմունքի ընթացքում, ընդ որում դասվարները արդեն նորովի, նոր հայեցակետից բնութագրեցին իրենց սաներից յուրաքանչյուրին՝ ըստ վերջիններիս տարիքային առանձնահատկությունների:

Կարևոր է նշել, որ սեմինար-պարապմունքներն անցան գործնական աշխույժ մթնոլորտում և շոշափելի առաջխաղացում մտցրին ուսումնական գործընթացի մեջ:

Ավետիսյան դպրոցի մանկավարժների ամբողջական վերապատրաստման սեմինար-դասընթացները շարունակական են, և դա ուրախալի է, քանի որ արդեն իսկ առկա է դրանց անվերապահ արդյունավետությունը: