Թագադրում
Ավետիսյան դպրոցի 8-րդ «ա», «բ» եւ «գ» դասարանների աշակերտները յուրովի մասնակցեցին հայոց Լեւոն Մեծագործ արքայի «թագադրմանը»:
Այս աննախադեպ կրթամշակութային ծրագիրը, որն իրականացվում է Երեւանի Մատենադարանի կողմից, հարուստ եւ համապարփակ տեղեկություն է տալիս մեզանից շուրջ մեկ հազարամյակ առաջ հայոց կյանքում տեղի ունեցած նշանավոր իրադարձության մասին. 1198 թվականին Կիլիկիայի Տարսոն քաղաքի Մայր տաճարում Լեւոն Բ -ի թագադրումով Կիլիկիայի հայկական իշխանությունը ճանաչվեց որպես Կիլիկիայի հայկական թագավորություն. դրվեց զորեղ, տնտեսական եւ մշակութային վերելքով ավելի քան երեք դար գոյատեւած հայոց թագավորության սկիզբը:
Իսկ ինչպե՞ս էր իրականացվում ցանկացած երկրի ու ժողովրդի համար ամենակարեւոր այդ արարողությունը՝ թագադրումը: Արարողակարգի, արքայական պատվանշանների եւ նշանակների մատուցման ծեսում զինվորական վերնախավի՝ գունդստաբլի եւ մարաջախտի, ինչպես նաեւ մատռվակի եւ արքունի մյուս պաշտոնյաներից յուրաքանչյուրի դերն ու անելիքը այնպես ոգեւորեցին ավետիսյանցիներին, որ թագադրման հարցադրումների պատասխաններով պաստառների պատրաստման ընթացքում նրանք ասես հենց Կիլիկիայում լինեին, եւ բոլորի պատասխաններն անսխալ էին: Լեւոն Բ Մեծագործի թագադրման օրինակով այս հիանալի ծրագիրը եւս մեկ առիթ դարձավ՝ վերականգնելու Կիլիկիայի հայկական թագավորության՝ «իսլամի ծովում քրիստոնյա կղզու» փառավոր եւ հարուստ պատմությունը:
Ավետիսյան դպրոցի պատմության ուսուցիչներ Գ. Պետրոսյանը, Ա. Հովսեփյանը, դասղեկներ Ա. Դանգալյանը, Ն. Թունյանը եւ Զ. Ամբրոյանը ուրախանում էին այս ամբողջ ընթացքում իրենց սաների լրջացած ու «մեծացած» տեսնելով, նրանց հետաքրքիր եւ բովանդակալից հարցերով ու պատասխաններով:
«Լեւոն Մեծագործի թագադրումը» կրթամշակութային ծրագրի մշակման փուլին մասնակցելու համար մեր ութերորդցիներն արժանացան շնորհակալագրերի:
Ավետիսյան դպրոցն, իր հերթին, այս բովանդակալից ծրագրի համար շնորհակալություն է հայտնում Երեւանի Մատենադարանին:
