Արդար վճիռ

Ականատեսներն ասես իրական դատարանի դահլիճում լինեին. այստեղ ամեն ինչ և ամեն ոք իր տեղում էր՝ դատավորից, պետական մեղադրողից, քարտուղարից, փաստաբաններից ու վկաներից մինչև հայցվորն ու պատասխանողը: Իսկ դատում էին ծեր գրավաճառին, ով անտեսել էր հաճախորդների շարքում առաջինը կանգնած պատանուն և նրա փափագած գիրքը՝ Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպը, նրա գլխավերևից տվել էր մեկ ուրիշ՝ մեծահասակ գնորդի:

Առաջին անարդարության դառնությունը, առաջին հուսախաբությունը, առաջին վիրավորանք… Իսկ շուրջը շարունակվում է մեծահասակների սովորական առօրյան, կարծես ոչինչ էլ չէր պատահել, և ոչ ոքի մտքով չի էլ անցնում իրեն մեղավոր զգալ փոքրիկ տղայի անքուն գիշերվա, սրտի անզոր բաբախյունի, հուսահատությունից ալեկոծված հոգու և փշրված հույսերի համար…

Ճանաչված արձակագիր Ազասի Այվազյանի «Գրախանութ» պատմվածքի հերոսներին 6-րդ «գ» դասարանի սաները ներկայացրին այնքան համոզիչ և անկեղծ, որ գրականության ուսուցչուհի Անի Օհանյանի մտահղացումը՝ բեմական «դատը», վերածվեց արդարության իսկական ներբողի:

Արդարությունն, անշուշտ, պետք է հաղթի. ահա թե ինչու դահլիճը թնդացող ծափերով ընդունեց «Ավետիսյան դատարանի» կայացրած դատավճիռը:
Ծափերն ավելի ուժեղացան, երբ դատարանի որոշմամբ հայցվոր պատանին հենց «դատարանի դահլիճում» նվեր ստացավ իր երազանքի «Երեք հրացանակիրները»: