Հարգելի ավետիսյանցիներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ: Այս օրը հաճելի առիթ է ընձեռում երախտիքի խոսքեր հղել ձեզ շնորհակալ աշխատանքի համար:
Այսօր իսկապես տոն է մեր ժողովրդի համար, քանզի դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել ոչ միայն մեր սիրելի քաղաքում, այլ հայ հասարակության շրջանում ընդհանրապես:
Ձեզ նվիրված այսօրվա տոնը բոլորինն է, տոն, որի մեջ երազանք ու իրականություն կա, երախտագիտություն ու հարգանք, ամփոփված մեկ՝ Ուսուցիչ բառի մեջ:
Ուսուցիչը ոչ միայն հատուկ դեր, այլեւ առանձնահատուկ տաղանդ ունի՝ իր վրա վերցնել սովորեցնողի, բացահայտողի, դաստիարակողի պատասխանատվությունն ու դառնալ մեր կյանքի կարեւորագույն գործող անձերից մեկը:
Ինչքան էլ արագ փոփոխվի կյանքը, ինչքան էլ զարգանան տեխնոլոգիաները, ցանկացած տարիքում բոլորս Ուսուցչի կարիքն ունենք, այն Ուսուցչի, որի խոսքն ուղղել է մեր միտքը, որի տված գիտելիքը դարձել է առաջնորդող ուժ եւ մեզ օգնել նույնպես առաջնորդ դառնալ, առաջնորդ՝ մտածելու եւ գործելու, առաջնորդ՝ աշխատելու եւ պայքարելու, եւ իհարկե, առաջնորդ՝ առաջնորդելու առումով:
Այսօրվա Հայաստանում հասարակությունն սպասում է մեծ փոփոխությունների, ինչն արտահայտվում է նաեւ գաղափարների, ուսման նպատակների, սպասումների մեջ:
Սիրելի՛ ավետիսյանցիներ, ձեզ բախտ է վիճակված լինել նոր ժամանակների Ուսուցիչը, ումից ավելի մեծ են ակնկալիքները, ում աշակերտներն ավելի պահանջկոտ են, ում տված գիտելիքն ավելի պահանջարկված է: Ուսուցիչը որպես կոչում շարունակելու է լինել առանձնահատուկ: Այդպիսին էլ պետք է մնա մեր՝ աշակերտների վերաբերմունքը ուսուցիչների հանդեպ:
Շնորհավորում եմ ձեզ այսօրվա լուսառատ տոնի առթիվ: Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ եւ ձեր ընտանիքներին:
Սիրով՝ Մելանյա Գեղամյան