Մարտի 22-ին նշվում է Ջրի միջազգային օրը: Մարդիկ աշխարհի տարբեր ծագերում կազմակերպվող միջոցառումների միջոցով փորձում են ցույց տալ, որ մտահոգված են Երկիր մոլորակի բնապահպանական խնդիրներով և ցանկանում են ինչ-որ բան փոխել` նրան օգնելու համար:
Կազմակերպիչները, կարևորելով ջրի կենսական նշանակությունը մարդկային գործունեության ընթացքում, այս տարվա միջոցառումների համար ընտրել են «Ավելի լավ ջուր, ավելի լավ աշխատատեղեր» խորագիրը:
«Ավետիսյան» դպրոցը, որը կարևորում է աշակերտների բնապահպանական դաստիարակությունը, չէր կարող չանդրադառնալ այս կարևոր օրվան: Դպրոցի «Οίκος» էկոակումբը 8-րդ դասարանցիների հետ համատեղ կազմակերպել էր ուսուցողական հետաքրքիր միջոցառում, որի նպատակն էր ցույց տալ, որ խմելու ջրի պաշարներն անսպառ չեն, և մենք պետք է խնամքով օգտագործենք դրանք և չաղտոտենք:
Էկոակումբի անդամների նկարահանած տեսանյութում ներկայացվեցին ջրի կենսական կարևորությունը, դրա պաշարների նվազման կործանարար նշանակությունը, ինչպես նաև առաջարկվեցին ջուրը խնայելու գործնական խորհուրդներ:
Մեր ութերորդցիներն էլ «Մկների ժողով» ներկայացման միջոցով իրենց բնորոշ հումորով ու սրամտությամբ անդրադարձան վերոնշյալ խնդիրներին:
Սիրելի´ աշակերտներ, խնայենք ջուրը` օգնելով մայր բնությանն ու ինքներս մեզ: