Շուտով քննություններ են, խորհրդատվություններ, պարապմունքներ, իսկ այսօր Ավետիսյան դպրոցի IX դասարանը պարզապես ուսումնական տարվա իր վերջին դասն է անում: Հյուրաշատ մի դաս՝ պոեզիայով ու սրտաբուխ խոսքերով լեցուն, զուլալ արցունքներով թաթավուն, մայիսյան վարդերով զարդարուն: Խոստովանությունների, շնորհակալության եւ խոստումների օր է իններորդցիների համար, փուչիկների հետ երազանքները երկնքին վստահելու օր: Նրանցից ամեն մեկն ուզում է ուսուցիչներին, ծնողներին եւ բոլոր-բոլորին ասել իր սրտի խոսքը, ցուցադրել իր ձիրքն ու շնորհքը:

Երեխաների անկեղծ խոսքերին հաջորդում են մեծերի բարեմաղթությունները: Կարճ, բայց սրտագին եւ հուզումնախառն է դասղեկ Վարդուհի Ասատրյանի մաղթանքը, իմաստալից եւ դիպուկ խոսքեր են ասում փոխտնօրեն Նաիրա Այվազյանը, ծնող Նայիրի Մկրտիչեանը:

Մայրական հոգատարությամբ ու ջերմությամբ է հագեցած դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանի խոսքը, ով մեկիկ-մեկիկ գիտի իր սաների ընդունակությունները, հակումներն ու խառնվածքը եւ կասկած անգամ չունի, որ այս պատանիներն ու աղջիկները իններորդ դասարանն ավարտում են՝ պատշաճ գիտելիքներով ապահովված: Տիկին Գեղամյանն իր սաներին պատմում է բոլոր հանգամանքներում մարդ մնալու դժվարին, բայց միակ ճիշտ ուղու մասին: Պատմում է այնպես, ասես անկեղծ ու մտերմիկ զրույցի է բռնվել իր հարազատների հետ: Եվ մաղթում, որ կյանքի բոլոր հանգամանքներում իր սաներին առաջնորդի ճշմարտության, շիտակության, մաքուր խղճի ու հոգու այդ ուղին: