Առջեւում եռուն քննաշրջանն է, իսկ մինչ այդ Ավետիսյան դպրոցի կամարների ներքո հնչեց 34 ավետիսյանցիների դպրոցական կյանքի ավարտն ազդարարող վերջին զանգը: Նրա ղողանջը նույնքան հույզեր արթնացրեց, որքան տասներկու տարի առաջ՝ սեպտեմբերի մեկին, երբ այսօրվա շրջանավարտները առաջին անգամ ոտք դրեցին մայր դպրոց: Վերջին զանգի մարող ելեւէջների ներքո էլ սկսվեց նրանց վերջին դասը՝ բեմի վրա:

Դա դաս էր հրաժեշտի, դաս հաշվետվության, դաս խոստովանության եւ խոստումների, արցունքախառն ժպիտներով եւ խեղդող լռությամբ հագեցած դաս: Տասներկուերորդցիները ամենաբարի բացահայտումներ արեցին իրենց երազանքների, դասընկերների, նույնիսկ ուսուցիչների մասին, իսկ Դավիթը բոլորի անունից ներողություն խնդրեց իրենց թե՛ հայտնի եւ թե՛ անհայտ չարաճճիությունների համար:

Դասարանների աշխատանքը յուրօրինակ՝ սիրով լի «հաշվետվությամբ» հանրագումարի բերեցին դասղեկներ Գայանե Նահապետյանը եւ Ծովիկ Մանուկյանը:

Ողջերթի ջերմ խոսքով տասներկուերորդցիների վերջին դասն ամփոփեց դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը:

Կանցնեն հաշված օրեր, եւ նրանք, վստահ ենք, հաջողությամբ կհանձնեն ավարտական քննությունները, կդառնան Ավետիսյան դպրոցի լիարժեք շրջանավարտներ: Իսկ այսօր նրանք պարզապես խոստացան հավատարիմ մնալ հարազատ դպրոցի հետ կապը սերտ պահելու ավանդույթին. ճիշտ այնպես, ինչպես իրենց վերջին դասին ներկա գտնվող ուսանողներ Լուսինեն, Սվետլանան, երկու Էլենները, Անահիտը, Վահեն, ուսանող զինվոր Վահագնը եւ մյուսները:

34 ավետիսյանցիների դպրոցական վերջին դասն ավարտվեց: Կյանքում նրանց սպասում են բազմաթիվ ու բազմաբնույթ այլ դասեր: Իսկ հիմա XII «ա»-ն եւ «բ»-ն շրջապատել են իրենց դասղեկներին՝ ծրագրելու առաջիկա անելիքները ժամ առ ժամ. չէ՞ որ առջեւում քննաշրջանն է: