Առաջին անհատականը

“Kooyrigs” («Քույրիկս») կազմակերպության ֆինանսավորմամբ մայրաքաղաքի «Դալան» պատկերասրահում բացվեց AMAA-ի Երեւանի Ավետիսյան դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտուհի Նարե Առուշանյանի լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական բարեգործական ցուցահանդեսը:

Դեռ երկու-երեք տարի առաջ ի՜նչ իմանար Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի աշակերտուհի Նարեն, որ մանկությունից իր այնքան սիրած եւ Արցախի Թումո կենտրոնում կատարելագործված լուսանկարչական արվեստով մի օր իր հարազատ եզերքի տարեգրությունն է ստեղծելու եւ դառնալու է այդ հայրենի տան ու նրա հերոսական մարդկանց նորօրյա վավերագիրը:

Նարեի ցուցահանդեսը հիշեցում է Արցախից՝ այնպիսին, ինչպիսին այն էր պատերազմից եւ շրջափակումից առաջ, ինչպիսին դարձավ պատերազմի եւ շրջափակման ընթացքում։ Յուրաքանչյուր լուսանկար հուշ է՝ մի պահ, մի տուն, մի հայացք, որոնք մնացին հեռվում, բայց անդարձ չջնջվեցին հիշողությունից։

— Ես փորձել եմ պահպանել իմ հայրենի եզերքի պատմությունը, ինչպես տեսել եմ այն իմ տեսախցիկից,- ասում է Նարեն:

Սա պատանի վավերագրողի առաջին անհատական ցուցահանդեսն է: Այն շարունակվելու է մինչեւ մայիսի 20-ը ներառյալ: Ներկայացված է 35 լուսանկար: Ի դեպ, դրանց վաճառքից գոյացած հասույթը տրամադրվում է «Հայորդի» բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է զոհված ազատամարտիկների երեխաներին: Ի դեպ, ցուցահանդեսում լուսանկարներ ձեռք բերող այցելուներին, ինչպես նաեւ բարերարներին Նարեն նվիրեց Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի վերջին՝ «Սեր իմ Արցախ» ժողովածուն:

Մինչ այս Նարեն մասնակցել էր լուսանկարչական խմբային ցուցահանդեսների Հայաստանում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում (Նյու Յորք), ներկայումս համագործակցում է լրատվամիջոցների հետ:

Այս պահին պատանի լուսանկարչուհին պատրաստվում է ավարտական քննությունների: Հաջողությո՛ւն քեզ, Նարե՛: