1988: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը մերժեց Հայաստանի հետ վերամիավորվելու ԼՂԻՄ-ի մարզխորհրդի պահանջը:

Այսօր Սումգայիթի զոհերի հիշատակի օրն է: Հայերի ջարդերը Սումգայիթում սկսվել էին փետրվարի 27-ին ու շարունակվել երեք օր՝ մինչև մարտի 1-ը:

1920: Շոշում կայացավ արցախահայության 8-րդ համագումարը, որը բանաձևով դիմեց «քաղաքակիրթ աշխարհին՝ սաստելու Ադրբեջանին իր վարած օրինախախտ քաղաքականության համար: Հակառակ դեպքում Ղարաբաղի հայությունը ստիպված է լինելու ընտրել իր կյանքը և պատիվը պաշտպանելու պայքարի այլ միջոցներ»:

1964: Կայացավ պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության հիմնադիր համագումարը:

1976: Շարք մտավ Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը:

___

1880: Նոր Նախիջևանում ծնվել է Հայաստանի ու ԽՍՀՄ ժող. նկարիչ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի, ՀՀ ԳԱ ակադեմիկոս, սոց. աշխատանքի հերոս, Հայաստանի պետ. մրցանակի դափնեկիր, նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանը: 21 տարեկանում առաջին անգամ եղել է Հայաստանում, մեկ տարի անց նախնյաց հողում՝ Անիում: Մեծ եղեռնի օրերին աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»: Մեկնել է Էջմիածին, Հովհ. Թումանյանի, Գարեգին Հովսեփյանի և այլոց հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, ջանք չի խնայել մահից փրկելու հայ գաղթականներին: Մասնակցել է «Հայ արվեստագետների միության» ստեղծմանը, Սուրենյանցի հետ ձևավորել Վալերի Բրյուսովի կազմած հայ պոեզիայի անթոլոգիան, Նոր Նախիջեվանում հիմնել գավառագիտական թանգարան: 1921-ին մշտական բնակություն է հաստատել Երևանում և սկսել բուռն գործունեությունը: Աշխատանքները հիմնականում կենտրոնացած են ՀԱՊ-ում, Սարյանի տուն-թանգարանում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: Ապրել է 92 տարի: Թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Երևանում՝ իր իսկ անունը կրող փողոցի վրա գործում է Սարյանի տուն-թանգարանը:

1920: Արթիկի Փոքր Պարնի (Անուշավան) գյուղում ծնվել է բժշկ. գիտ. դ-ր, դեղագետ Ռուբեն Ալեքսանյանը՝ քվատերոն և ֆուբրոմեգան դեղանյութերի ստեղծողը:

1929: Նովոչերկասկում ծնվել է Հայաստանի վաստ. Ճարտ. Մակաբե Մանուելյանը: Նրա նախագծերով և համահեղինակությամբ կառուցվել են ԳԱԱ մաթեմատիկայի և մեխանիկայի, երկրաբանության ինստիտուտների մասնաշենքերը, երկաթուղայինների մշակույթի տունը, «Մեծամոր» թանգարանը, հյուրանոցներ:

1935: Սվերդլովսկում (Եկատերինբուրգ) ծնվել է տեխ. գիտ. դ-ր պրոֆ., Հայաստանի ԳԱԱ և Մադրիդի թագավորական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դ-ր, ԽՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր Վահան Շահգիլդյանը: Երկար տարիներ եղել է Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարանի ռեկտոր: Ռուսաստանում առաջինն է սկսել համաժամայնացման թվային և ռադիոիմպուլսային համակարգերի տեսության հետազոտությունը:

1935: Լենինականում (Գյումրի) ծնվել է քիմ. գիտ. դ-ր պրոֆ., ԳԱԱ ակադեմիկոս Գառնիկ Չուխաջյանը: Աշխատել է Մոսկվայում, զբաղվել գործնական բժշկության հարցերով: Մշակել և բժշկության մեջ է ներդրել ինքնակպչող կենսահամատեղելի թաղանթներ, սոսինձներ, սպունգներ, հակաայրվածքային քսուքներ:

1936: Լենինականում (Գյումրի) ծնվել է Հայաստանի պետ. մրցանակի դափնեկիր, ճարտարապետ, նկարիչ Հակոբ Ջիվանյանը: Հեղինակ է 8 աղբյուր-հուշարձանի, որոնցից մեկը՝ նվիրված Խ. Աբովյանին, կանգնեցված է Տարտու քաղաքում: Կերտել է Մինաս Ավետիսյանի մահարձանը Երևանի քաղաքային պանթեոնում:

1937: Հալեպում ծնվել է պատմաբան, լեզվաբան, մանկավարժ, պատմ. գիտ. դ-ր Երվանդ Քասունին: Դասավանդել Բեյրութի և Հալեպի ուսումնական հաստատություններում, հիմնադրել է «Հայկազյան հայագիտական հանդեսը», Խմբագրել «Ջանասեր» և «Պատանեկան արձագանք» ամսաթերթերը: Գիտական աշխատությունները վերաբերում են Հայաստանի հին շրջանի, Կիլիկյան Հայաստանի պատմության հարցերին: