1945: Փետրվարի 4-11-ը Յալթայի մերձակա Լիվադիա պալատում անցկացվեց հակահիտլերյան կոալիցիայի երեք դաշնակից պետությունների ղեկավարների (Ռուզվելտ, Չերչիլ, Ստալին) Ղրիմի (Յալթայի) կոնֆերանսը: Խորհրդային կողմից որպես գլխավոր ռազմական փորձագետ կոնֆերանսին մասնակցում էր նաև ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը՝ 5 տարի անց Բերիայի հատուկ հրամանով գնդակահարված Արմենակ Խամփերյանցը:

___

1859: Շուշիում ծնվել է հրապարակախոս, գրող, թարգմանիչ Սիմեոն Հախումյանը: Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Սորբոնի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Շուշիում, ապա Թիֆլիսում հրատարակել է «Գործ» հանդեսը, ապա Փարիզում՝ «Ժամանակ» պարբերականը: Մահացել է 1905-ին Փարիզում:

1878: Կ. Պոլսում ծնվել է գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը (Հովհաննիսյան): 1909-ի Ադանայի ջարդերից հետո Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և որբերի հավաքման ու տեղավորման գործը:1915-ի ապրիլի 24-ի գիշերն աքսորի ենթակա հայ մտավորականների ցուցակում եղել է միակ կինը: Դիպվածով մազապուրծ փրկվել է, փախել երկրից: 1933-ին հաստատվել է Հայաստանում: Գրել է «Կրակե շապիկը», «Վերջին բաժակը», «Հոգիս աքսորյալ» վիպակները, «Սիլիհտարի պարտեզները» վեպը: Անհիմն բռնադատվել է, մահացել բանտում 1941-ին, հետմահու արդարացվել:

1919 թ. փետրվարի 4-ին Ղարաբաղի հայոց Ազգային խորհուրդը դիմել է Բաքվում տեղակայված դաշնակից զորքերի հրամանատարությանը` պահանջելով Լեռնային Ղարաբաղից հեռացնել թուրքական զորամիավորումները և բրիտանական հսկողությամբ ստեղծելու տեղական ինքնակառավարման համակարգ: Դիմումը մնացել է անարձագանք, և միայն հայ բնակչության ուժերի գերլարման ու մեծաթիվ զոհերի գնով հաջողվել է դիմակայել զավթիչներին:

1924: Այս օրը Լենինականի օպերա-օպերետային թատրոնի դերասանական կոլեկտիվը Հայաստանում առաջին անգամ բեմադրեց Բիզեի «Կարմեն» օպերան: Դիրիժորն էր Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, ռեժիսորը՝ Վենեցիանով-Իսահակյանը, նկարիչը՝ Գրիգոր Շարբաբչյանը: Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Կարմենը» ներկայացվեց 10 տարի անց

1935: Երևանում ծնվել է Ռուսաստանի վաստ. մարզիչ, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստ. աշխատող, թենիսիստ Լևոն Աղայանը: Եղել է Մոսկվայի «Տրուդ» մարզական ընկերության, Մոսկվայի պատանեկան, իսկ 1982 թվականին՝ հավաքական թիմի գլխավոր մարզիչ:

1942: Բուխարեստում ծնվել է Ռումինիայի վաստակավոր արտիստ, Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչ, Փարիզի և Վիեննայի միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թումաճանյանը:

 1942: Ֆրանսիայի Նանտ քաղաքում ծնվել է բանասեր, պատմաբան Ժերար Տետեյանը (Ժիրայր Դեդեյան): Ուսումնասիրությունները վերաբերում են միջնադարյան Հայաստանի, հայ-բյուզանդական պատմությանը:

___

1794 թ. Ֆրանսիան իր գաղութներում ստրկությունը հայտարարեց վերացած:

Այսօր կտտանքների դեմ պայքարի միջազգային օրն է: Կտտանքների դեմ միջազգային համաձայնագիրը ստորագրվել է 1985 թ. փետրվարի 4-ին: