Խաչվերաց
Խաչվերացի տոնը,որը Տիրոջ փրկարար խաչին նվիրված ամենակարևոր տոներից է, Եկեղեցին այս տարի նշում է սեպտեմբերի 11-ին: Խաչվերացը (Սուրբ խաչը,Սբխեչը) տարվա տաղավար հինգերորդ և վերջին տոնն է:
Սուրբ Խաչը տոնվում է` ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
614 թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերևարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Սուրբ Խաչը
և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդը անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:
Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկաչոք, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:
Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուսը խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչաչանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ. սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց աըդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժշկության աղբյուր:
Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը ավազակների) մահացած մարդկանց վրա դնելով` հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի սուրբ արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոսը , խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:
Ըստ Գրիգոր Տաթևացու` Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, ‹‹ դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը ››: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:
Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես` ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ: Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ ‹‹ Սըրբխեչը ›› աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը, կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում: Ժողովրդական ավանդության համաձայն` ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի` տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղերում Խաչվերացը` ‹‹ Սըրբխեչը ››, ընկալում են` որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` ‹‹ Խաչ, վերմակը առ, ներս փախիր ››, -այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:
Խաչվերացի հաջորդ օրը` երկուշաբթի, մեռելոց է: Այդ օրը այցելում են հանգուցյալների շիրիմներին: Կրկին հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության որոշումով այն սահմանված է ոչ աշխատանքային: