Երեկ Ավետիսյան դպրոցում 8 ա դասարանի մասնակցությամբ անցկացվեց Սուրբ Զատիկին նվիրված գեղեցիկ միջոցառում:
Նախ ներկաներն իրենց աղոթն ուղղեցին առ Աստված, որից հետո դպրոցի սաները ներկայացրին Ս. Հարության տոնի խորհուրդն ու նշանակությունը քրիստոնյաների կյանքում: Նրանք փաստեցին, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենագունեղն ու ամենատարածվածն է:
Բեմականացումը դահլիճում առաջացրեց զատկական հաճելի իրարանցում: Խորհրդավոր ընթրիքի տեսարան, ավանդական զատկական արարողություն, սովորույթներ, ծեսեր, ազգային երգ ու պար: Աշակերտների ստացած դասն էր`չհեռանալ ազգային մշակույթից և ապրել քրիստոնյային վայել կեցվածքով:
Ցերեկույթի ավարտին կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին հորդորեց մշտապես հոգիներում վառ պահել Հիսուսի հրաշափառ հարության լույսը և լինել բարձր արժեհամակարգով օժտված քաղաքացիներ: