Սիրելի՛ ավետիսյանցիներ, գործընկերներ, ծնողներ, աշակերտներ, ահա եւ ավարտվեց 2020 թվականը:
Յուրաքանչյուր տարի հայկական ավանդույթի համաձայն՝ Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով միմյանց շնորհավորում և բարեմաղթանքներ էինք հղում, սակայն, անցնող տարին այնպիսի հարված հասցրեց մեր ազգին ու պետությանը, որ բառեր չեմ գտնում արտահայտելու հոգուս հույզերի հեղեղը։
Մարդիկ այսօր, առավել քան երբեւէ, հաղորդակցության կարիք ունեն։ Ծանր ժամանակներն ստիպում են մեզ ավելի խմբվել, զգալ կողքինի շունչն ու ներկայությունը։
«Շնորհավորում եմ» բառը չեմ կարողանում արտաբերել։ Պապանձվելու տարեմուտ էր… Մեր հերոսների շնորհիվ է, որ մենք կանք ու լինելու ենք դեռ աշխարհի քարտեզի վրա… Սիրտս կարծես դարձել է Եռաբլուրի հերթական խորշը։ Եռաբլուրը դարձել է մեր ցավի ամփոփումը: Այնտեղ հանգչող հազարավոր հայորդիների աճյուններից է հառնելու Հայի տաճարը։ Այնտեղ, ողբերգությունից կարծրացած հողի վրա թափվող արցունքների բյուրեղներն են լինելու Հայի հետագա գոյության Լույսը։
Տա Աստված, որ 2020-ի թողած ծանր ու անդառնալի կորուստներից, մեզ պատած անասելի վշտից կարողանանք ուժ գտնենք, որ որբի եւ ողբի հայրենիքը դարձնենք հզոր Հայաստան:
Այսօր մենք պետք է առավել քան երբեւէ դրսևորենք աննկուն կամք ու վճռականություն, համախմբվենք ազգային արժեքների և կրթության կարեւորության գաղափարի շուրջ: Պետք է մեր մեջ ուժ գտնենք, որպեսզի 2021 թվականին կարողանանք վերականգնել մեր ոտնահարված արժանապատվությունը, վերագտնենք հայի նկատմամբ եղած վստահությունն ու հարգանքը։ Անհրաժեշտ է վերականգնենք մեր խարխլված հավատը, որպեսզի միասին դիմակայենք բազում մարտահրավերների, քանզի հայրենափրկության գործը բոլորինս է և միասնականություն է պահանջում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։
Թող Քրիստոսի Ծննդյան լույսը ուժ եւ հավատ ներշնչի բոլորիս՝ դուրս գալու այս դառը մղձավանջից։ Թող Նոր 2021 թվականը մեզ բերի խաղաղություն, առողջություն եւ հաջողություն:
Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.