Դեկտեմբերի 26-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում տիրում  էր ամանորյա  տոնական տրամադրություն: Դպրոցի բոլոր աշակերտները և ողջ աշխատակազմը հավաքվել  էին կրթահամալիրի լուսավոր ու ընդարձակ դահլիճում՝ դիտելու Ռ. Մարուխյանի «Հեքիաթ Ձմեռ պապի, եղևնու և կախարդ Բլբլանի մասին»  երաժշտական պիեսը (բեմադրիչ՝ Ն. Աբրահամյան, երաժշտական մաս՝ Գ. Բարակյան):

Ներկայացմանը մասնակցում էին դպրոցի յոթերորդ դասարանի տաղանդաշատ աշակերտները, թատերական խմբակի անդամները և երգչախմբի սաները: Դահլիճը շունչը պահած հետևում էր վախկոտ գայլի, խորամանկ աղվեսի, կռկռան բադի ու կախարդ Բլբլանի զվարճալի արկածներին: Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ մերում, բարին հաղթում է չարին, և մեր հեքիաթի հերոսները որսորդի օգնությամբ կարողանում են գտնել և վերադարձնել կախարդ Բլբլանի գողացած եղևնին:

Դահլիճը ցնծության մեջ էր: Կրթահամալիրի փոքրիկ սաներին ներկայացման ավարտից հետո սպասվում էր անակնկալ. Ձմեռ պապը նրանց հանձնեց ամանորյա նվերներ՝ սրանով էլ ավելի մեծացնելով փոքրիկների խանդավառությունը: Դպրոցի  աշակերտները  և աշխատակիցները բարձր տրամադրությամբ գնացին ձմեռային արձակուրդի: