Ոչ միայն ներկայացումներով
Ճանաչված բեմադրիչ եւ արձակագիր Հակոբ Միքայելյանի ղեկավարած թատերախմբի ելույթներին Ավետիսյան դպրոցում անհամբերությամբ են սպասում: Պատանի դերասանների բեմական խոսքն ու խաղը հղկվում, աճում են բոլորի աչքի առաջ: Խմբի յուրաքանչյուր ելույթ մի նոր եւ ակնհայտ առաջքայլ է թատերարվեստի այս փոքրիկ արահետում: Ընդամենը վերջերս գեղեցիկ եւ ինքնատիպ ներկայացումների համար թատերախումբն արժանացավ պատվոգրի, իսկ նրա գեղարվեստական ղեկավարը՝ դպրոցի տնօրենի շնորհակալությանը:
Իսկ օրերս մեր 11-12 տարեկան դերասանները հանդես եկան ոչ միայն հետաքրքիր խաղով. թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Մարին, Սէրլին, Հրանտը, Աիդան եւ Դիանան իրենց հասակակիցների առջեւ բացեցին թատրոնի պատմության խորախորհուրդ դռները, ներկայացրին հայ եւ համաշխարհային թատրոնի անցած ճանապարհը, պատմեցին հայ բեմի մեծերի մասին՝ վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը՝ իրենց պատումը հարստացնելով համապատասխան տեսասահիկներով:
Ինչպես միշտ, հետաքրքիր լուծումներով հագեցած էին նաեւ օրվա ներկայացումները՝ թումանյանական թեմաներով:
Ուշագրավ է, որ հսկայական դահլիճը թատրոնի մասին պատմությունները լսում էր քար լռության մեջ՝ մեկ անգամ եւս ապացուցելով գեղարվեստի, թատրոնի հրաշագործ հմայքի ուժը:
Մեր վաստակաշատ բեմադրիչի քրտնաջան գործի պտուղները եւս մեկ անգամ վկայում են՝ բոլոր երեխաները տաղանդավոր են: