Գինեձոն Ասկերանում
Սոնա Ղահրամանյան. այս անունը մի օր ճանաչված կդառնա ընթերցող հասարակության շրջանում: Հուսով ենք և հավատում ենք: Ապացույցը 10-րդ դասարանի աշակերտուհի Սոնայի առաջին գիրքն է՝ առաջին վիպակը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 20-ին նրա հարազատ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում:
Ի՞նչ է պատմում, ինչի՞ համար է գրիչ վերցրել 15-ամյա այս փխրուն աղջնակը: Միամիտ հարց՝ արցախյան երեք պատերազմների մասնակից Արարատի և իր կյանքը մանուկների դաստիարակությանը նվիրած ՀԱԵ նվիրյալ անդամ Անահիտի դստեր՝ 44-օրյա պատերազմն իր աչքով տեսած և սրտով վերապրած զգայուն հայուհու մասին: Ստեղծագործության խոսուն վերնագիրը՝ «Կյանք՝ կյանքի դիմաց», ինքն է խոսում իր մասին, և այստեղ է, որ մեկնաբանություններն ավելորդ են: Այո՛, պատանի հեղինակը պարզ ու անպաճույճ պատումով հյուսում է հայրենի Արցախի, վերջին պատերազմի, սիրո, ընկերության, բարեկամության և անձնազոհության մի հուզիչ պատմություն, որն ընթերցողին խորհելու տեղիք է տալիս, և որը դեռ չի ավարտվել… Ընդամենը 40 էջանոց այս փոքրիկ գրքույկը ևս մեկ անգամ փաստում է մի հզոր ճշմարտություն՝ հայրենիքը կյանքից թանկ է …
Սոնա Ղահրամանյանի գրքի գինեձոնին ներկա էին պետական այրեր, հյուրեր, նրա ուսուցիչները, դասընկերները: Սկսնակ հեղինակին ողջերթի ու բարեմաղթանքի խոսքեր ասացին ԱՀ նախագահի խորհրդական Աշոտ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, փոխնախարար Հասմիկ Մինասյանը և նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանը, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Արցախի մասնաճյուղի տնօրեն Վիկտոր Կարապետյանը, ՀԱԵ ՔԴ պատասխանատու Անգելինա Դանիելյանը, Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը և կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, Սոնայի սիրելի ուսուցիչները, դասղեկը, քույրիկը, գրքի հրատարակության նախաձեռնող և հովանավոր, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Երևանի «Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոն»-ի տնօրեն Մելանյա Գեղամյանը և ուրիշներ:
Շնորհակալության խոսքեր ուղղվեցին տիկին Մ. Գեղամյանին՝ Սոնա Ղահրամանյանի ստեղծագործության լույսընծայմանն ուղղված ջանքերի և հրատարակման հովանավորության համար: Սոնայի մայրը՝ Կանադայի Հայ Ավետարանչական ընկերակցության Ասկերանի Եփրեմ և Զաբել Բասմաջյանների անվան մանկապարտեզի տնօրեն և Ասկերանի «Շող» համայնքահեն ցերեկային կենտրոնի համակարգող Անահիտ Դանիելյանը, ի նշան երախտագիտության, Մելանյա Գեղամյանին նվիրեց իր ձեռագործ աշխատանքը՝ Ավետիսյան դպրոցի խորհրդանշանը պատկերող գոբելենը:
Գինեձոնն իրենց երգ ու ասմունքով զարդարեցին Սոնայի դասընկերները: Այն լայնորեն լուսաբանվեց արցախյան մամուլում և հեռուստատեսությամբ:
Բարի՜ երթ քեզ, Սոնա՛, գրական անդաստանում քո արահետը բացված է: