Վազգեն Թորոսյանի մոնոներկայացումը՝ «Արքան»
Դո՛ւ ես արքան, բայց չես կարողանում բացատրել, թե ինչո՛ւ Աստծու տված անսահման երեւակայությամբ դու պարզապես… սահմաններ գծեցիր, ազգի, կրոնի, սեռի, պետության սահմաններ:
Թե ինչպե՛ս թեեւ բոլորիս ստվերներն էլ նույն գույնի են, սակայն արեւի տակ մեր միջեւ խտրություն ես փնտրում…
Թե ինչի՞ց է, որ աշխարհում մի տեղ ցեղասպանություն է լինում, իսկ մի այլ վայրում հայ Սաթենիկ տատը լաց է լինում Կորեայի որբերի համար:
Վերջապես, ո՞րն է չհասկանալու եւ չհասկացվածության հետեւանքների չափման միավորը:
Եվ դեռ ինչքա՞ն կկարողանա բանական մարդու անբանական ու անբնական արարքների հանդեպ իր ցասումը զսպել արդեն համբերությունը կորցնող մեր մոլորակը…
Այո՛, արքաները նույնպես կարիք ունեն լսված լինելու: Մեզնից յուրաքանչյուրն է այդ արքան, եւ մեզ տանջախեղդ անող հարցերը չունեն թիվ ու սահման:
Դահլիճի խորին լռության մեջ այս ամենի մասին էր մենախոսում Ավետիսյան դպրոցի արվեստի ուսուցիչ Վազգեն Թորոսյանի կերտած «արքան»: Մարդ-մարդ, մարդ-Աստված, մարդ-Երկիր, դաժանությունից մինչեւ կարեկցանք, հսկայական մոլորակից մինչեւ սրտումդ տեղավորվող հայրենիք ու համամարդկային սիրո պատգամ… Արքայի ամեն մի բառը թափանցում-հասնում էր հանդիսատեսի սրտի ու մտքի ամենախորին ծալքերին: Դրա վկայությունը եղավ մոնոներկայացմանը հաջորդած ստեղծագործական քննարկումը, որը հմտորեն վարեց գրականության ուսուցչուհի Լիլիթ Բախշյանը: Ավետիսյանցիները՝ ուսուցիչ թե աշակերտ, հենց տեղում միահամուռ ուժերով կազմեցին ներկայացման մարդասիրական գաղափարների բազմանիստը, որը, ինչպես տեսնում եք, եզրափակվեց ՊԱՅՔԱՐ-ով, ԿՅԱՆՔ-ով, ՀԱՅՐԵՆԻՔ-ով եւ ՀԱՅԱՍՏԱՆ-ով: