Այսօր երեխաների պաշտպանության օրն է՝ հունիսի 1-ը: Այսօր նրանք անհոգ թռվռում են, զվարճանում իրենց սիրելի ժամանցի վայրերում՝ կարուսելով, խաղահրապարակում, մանկական սրճարանում, այլուր: Այսօր նրանք վառվռուն են եւ խնդուն՝ ընտանիքով, հարազատներով շրջապատված: Իսկ ընդամենը օրեր առաջ Ավետիսյան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները բեմից իրենց առաջին լուրջ քննությունն էին հանձնում դպրոցի ուսուցչակազմին եւ, իհարկե, իրենց ծնողներին:
«Մեզ հա՛յ են ասում», «Հայ եւ Հայաստան», «Երեւան». առաջին հայացքից տարբեր թվացող այս խորագրերը, որ ներկայացրին փոքրիկները, իրականում մի միասնական հայրենաշունչ պոեմի տպավորություն թողեցին, այնքան սահուն, սրտաբուխ ու սրտամոտ էր անմեղ շուրթերից հնչող ամեն բառ ու տող:
Երեք տարի առաջ նրանց դիմավորեցին ու ձեռքերից բռնած՝ Ավետիսյան դպրոցի շեմքից ներս տարան դասվարներ Ռուզաննա Եղիազարյանը, Լուսինե Յագուբյանը եւ Սիրանուշ Սարգսյանը: Եվ երեք տարվա տքնաջան աշխատանքից հետո այս պատասխանատու օրը փոքրիկներից ավելի իրենք էին հուզվում: Սակայն իզուր. նրանց սաները հրապարակային քննությունը հանձնեցին «գերազանց»-ով:
Մեր 65 «գերազանցիկներին» սիրով ասում ենք.
— Բարի գալո՜ւստ միջին դպրոց: