Կյանք՝ հանուն հայրենյաց
«Հայրենիքը սոսկ երկիր չէ: Այն հայրենիք է դառնում ժողովրդի օժտած հոգեւոր արժեքներով»: Գարեգին Նժդեհի այս հանրահայտ ասույթով սկսվեց նրա հիշատակի միջոցառումը Ավետիսյան դպրոցում:
8-11-րդ դասարանների աշակերտները բեմում վերստեղծեցին ազգային-ազատագրական շարժման մեծ գործչի, «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադրի, մեծ հայրենասերի եւ իմաստասերի տպավորիչ կերպարը: Սաներն ըստ արժանվույն ներկայացրին իրենց պատմության ուսուցիչների՝ փորձաշատ Ալինա Սալնազարյանի եւ երիտասարդ Արմեն Հովսեփյանի պրպտուն, տքնաջան աշխատանքի արդյունքը:
Արժեւորվեց Հայաստանի առաջին հանրապետության ռազմական եւ պետական գործիչ, Լեռնահայաստանի Հանրապետության առաջնորդ Նժդեհի (Գարեգին Տեր-Հարությունյան) ազգանվեր գործունեությունը, բեմից հնչեցին մեծ հայրենասերի պատգամներն իր պաշտելի ազգին, որոնք արդիական են եւ՛ այսօր, եւ՛ հայության համար ճակատագրական բոլոր ժամանակներում: Հիմնավորված փաստարկներով հերքվեցին Գարեգին Նժդեհի գործունեության միտումնավոր խեղաթյուրումները:
Միջոցառման սցենարը հարստացված էր մի շարք ծանրակշիռ, հույժ կարեւոր փաստագրական մանրամասներով, որոնք քաղվել էին մեր պատմության հետազոտող Գեւորգ Հովհաննիսյանի (Ֆրանսիա) ուսումնասիրություններից: Ցուցադրվեցին կադրեր «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական կինոնկարից: Տպավորիչ էր դպրոցականներ Հակոբ Դանոյանի, Արամ Ապրոյանի եւ Միքայել Մարտիրոսյանի ներկայացրած տեսարանը՝ Վլադիմիրի բանտում Նժդեհի հարցաքննությունից:
Պատանի ավետիսյանցիների բերանով Գարեգին Նժդեհը մեզ՝ 21-րդ դարի հայ սերնդին էր փոխանցում իր խորիմաստ, հայրենասիրական մտքերը՝
- Ցեղակրոնը աչք չունի օտարի հայրենիքի վրա:
- Հայրենիքը կայսրություն չէ, արտաքին նվաճում չէ: Հայրենիքը խորացող էություն է, ինքնանվաճում, ինքնամշակում:
- Հայրենիքն ընդգրկում է ոչ միայն անցյալն ու ներկան, այլեւ գալիքը:
- «Ես խելագարվում եմ այն մտքից, որ ունեմ մասնատված, կտոր-կտոր եղած հայրենիք…» (խոսքեր՝ ասված բանտարկության 8-րդ տարում):
Դահլիճը լսում էր՝ համակ ուշադրություն դարձած:
Դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը, ամփոփելով միջոցառումը, ներկաների անունից գովեստի եւ շնորհակալության խոսքեր ուղղեց նրա կազմակերպիչներին, մասնակիցներին, խմբի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վազգեն Թորոսյանին: