«Գրական վերնատան» (ղեկավար՝ Լ. Բախշյան) հերթական քննարկմանն էր դրված ֆրանսահայ օտարագիր գրող Վահե Քաչայի (Խաչատրյան) «Գիշատիչների խնջույքը» գոյապաշտական դրաման: Մարդու դերը, ուղին եւ ճակատագիրը, նրա վարքը տարբեր իրադրություններում. գոյաբանական այս եւ նմանատիպ հարցերի շուրջ ծավալված քննարկումը, սահմանային իրավիճակում հայտնված հերոսների կերպափոխության նրբությունների վերլուծությունն ինքնաբերաբար ծնում էր նոր հարցեր:
Առանձին-առանձին ներկայացվեցին եւ վերլուծվեցին պիեսի կերպարները՝ բնականից մինչեւ արտակարգ պայմաններում հայտնվելը: Մի բան պարզ էր՝ գրողն իր գործը ընթերցողին էր հասցեագրել ոչ միանշանակ պատասխանի ակնկալիքով: Եվ, բնականաբար, «վերնատնականների» հայեցակետերն ու կարծիքներն էլ տարբեր էին: Ակնհայտ էր, այդուամենայնիվ, դրանց հիմնադրույթների դրական բնույթը: «Մի՛ դատիր», «ների՛ր», «մարդն է մարդուն գիշատիչ դարձնում», «ամեն մեկս տանում ենք սիզիփոսյան քարը, այնպես տանենք այդ բեռը, որ ճանապարհին չկորցնենք մեր մարդկային դեմքը»… Տիրապետողը այսպիսի մտքերն ու ձեւակերպումներն էին:
«Գրական վերնատան» նիստին հրավիրված էր ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արման Ղարագուլյանը: Նա քննարկվող ստեղծագործության համատեքստում ներկայացրեց էքզիստենցիալիզմի արժեքաբանական հիմքերը, բացատրեց, որ մարդկային էությունը առավելապես ձեւավորվում է կյանքի գործընթացներում, եւ որ այստեղ չափազանց կարեւոր է ինքնակերտման պատասխանատվությունը ստանձնելը: Հյուրը նաեւ պատասխանեց աշակերտների եւ ուսուցիչների՝ իրեն ուղղված հարցերին: