«Քո լավ ընկերը այդ ես եմ՝ գիրքը»։
Ս. Մուրադյան

Գրքի տոնի այս օրն Ավետիսյան դպրոցում ունեցավ յուրահատուկ սկիզբ. նախ 2-րդ «ա», «բ» և «գ» դասարանների փոքրիկները ռուսերենի ուսուցչուհի Վ. Պողոսյանի գեղարվեստական ղեկավարությամբ ներկայացրին ճանաչված մանկագիր Ս. Մարշակի «Գրքույկ գրքույկների մասին» ուսանելի չափածո հեքիաթը՝ ռուսերենով, ինչը համահունչ էր օրվա խորհրդին:

Այնուհետև, ավանդույթի համաձայն, դպրոցի դահլիճում սկսվեց գրքի նվիրատվությունը: Առաջին նվիրատուն՝ կրթահամալիրի տնօրեն տիկին Մ. Գեղամյանը, այս անգամ դպրոցի գրադարանին նվիրեց մեծն Նարեկացու «Մատյան…»-ի հայերեն և ռուսերեն տարբերակների հրատարակությունը:

Տարբեր դասարանների՝ գրադարանին նվիրաբերած գրքերը բազմազան էին թե՛ ժանրային, թե՛ լեզվական և թեմատիկ ընդգրկմամբ. բազմալեզու դասական գրականությունից մինչև Նոբելյան մրցանակակիրների գործեր, դասագրքերից ու հեքիաթներից մինչև ֆանտաստիկ գրականություն, մինչև գործարարության, հոգեբանության և կիրառական փիլիսոփայութան հետաքրքրաշարժ ձեռնարկներ. ընտրություն, որն ի հայտ բերեց կրթօջախի սաների, մանավանդ բարձրդասարանցիների հետաքրքրությունների հարուստ շրջանակը, դասականը կարևորելուն զուգահեռ՝ արդիականության ու համաշխարհային առաջընթացի զարկերակին համաքայլ ընթանալու նրանց ակնհայտ ձգտումը:

Իսկ դասերից հետո տարրական դպրոցը և նախակրթարանն ուղևորվեցին դեպի Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ սիրելի գրողի ծննդյան օրը նրա հերթական հեքիաթի ներկայացումը դիտելու, և իրենց հետ, ի նշան տիկնիկայինի հետ արդյունավետ համագործակցության, թատրոնին նվեր տարան «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» արժեքավոր գիրքը:

… Մինչև դասերի վերջ ավետիսյանցիները գրքեր էին նվիրում իրար և ուսուցիչներին: