Հայկական սովետական հանրագիտարանում գրված է.
«Դաստիարակությունը անհատի ձեւավորման նպատակասլաց, համակարգված գործընթացն է՝ նրա ակտիվ մասնակցությունը հասարակական, արտադրական, մշակութային կյանքին նախապատրաստելու համար»:
Ուշինսկին դաստիարակությունը բնորոշում է որպես ներդաշնակորեն զարգացած անձնավորության ձևավորմանը նպատակաուղղված գիտակցական պրոցես: Դաստիարակության տարբեր կողմերի շարքում նա գլխավոր տեղը հատկացնում է բարոյականության դաստիարակությանը, որովհետև, ըստ նրա, բարոյական դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի մարդասիրություն, ազնվություն և ուղղամտություն, աշխատասիրություն, կարգապահություն և պատասխանատվության զգացում, որը զուգակցվում է համեստության հետ: Դաստիարակությունը երեխայի մեջ պետք է զարգացնի ամուր բնավորություն և կամք, տոկունություն, պարտքի զգացում:

Իսկ ի՞նչ է դաստիարակությունը ընդհանրապես: Որո՞նք են դաստիարակության նպատակները: Ի՞նչ ենք անում՝ մեր առջեւ դրված նպատակներին հասնելու համար:
Երեխայի դաստիարակության գործընթացը բավական երկար պրոցես է, որ տևում է մինչեւ նրա հասուն տարիքին հասնելը:

Շատ հաճախ մենք՝ մեծերս, դաստիարակությունը շփոթում ենք երեխայի համեստ լինելու կամ հնազանդության հետ: Թերեւս սխալված չենք լինի, եթե ասենք, որ ուսուցիչներիս երազած համեստ կամ հնազանդ աշակերտները դասի գալիս են միշտ պատրաստված, լուռ ենթարկվում են բոլոր հրահանգներին, բոլոր առարկաներից միշտ գերազանց գնահատականներ են ստանում, դասամիջոցներին լուռ են: Սակայն շատ հաճախ այս հնազանդ, դաստիարակված աշակերտները հասուն տարիքում զրկվում են կամային հատկություններից եւ ինքնուրույնությունից:

Օրինակ՝ երբ երեխայից ինչ-որ բան ենք պահանջում, միշտ ուշադրություն դարձնենք, թե դա ում է պետք՝ մե՞զ, թե՞ երեխային: Եթե ուզում ենք երեխային ենթարկել մեր կամքին «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքով, ապա մեր ջանքերը ապարդյուն կլինեն, քանի որ նա շատ արագ կհասկանա կեղծիքը:
Այստեղից կարող ենք փաստել, որ շատ հաճախ որպեսզի երեխային ենթարկեցնեն, մեծերը կա′մ ահաբեկում են, կա′մ էլ դիմում ֆիզիկական ուժին՝ ծեծին:

Օրինակ՝ երբ երեխան քննությունից կտրվում է կամ ցածր գնահատվում, որոշ ծնողներ իրենց պարտքն են համարում երեխային մի լավ «դաս տալ» ծեծի միջոցով:

Կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք անկեղծորեն մտածում են, որ ծեծի միջոցով նմանատիպ «դասը» ոչ միայն չի վնասում երեխային, այլեւ ունի դաստիարակչական նշանակություն:

Կարծում եմ, որ երեխայի նկատմամբ կիրառված բռնությունը ապագայում խոր հետք է թողնում նրա հոգեբանության վրա: Նրան աշխարհը թվում է անարդար է, եւ սկսում է մտածել, որ ինքը չունի բավարար ուժ՝ այդ անարդարությունը հաղթահարելու համար: Ծեծը կոտրում է երեխայի ինքնավստահությունը եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ:

Կարծում եմ՝ «Տեր Թոդիկի» մեթոդը որեւէ լավ բանի մինչ օրս չի հանգեցրել, եւ պետք էլ չէ որևէ դրական արդյունք ակնկալել: Իսկ ինչո՞ւ են շատերը դիմում այս մեթոդին: Պատասխանը մեկն է. նրանք բավարար ժամանակ չեն տրամադրում իրենց տրված այդ թանկարժեք նվերին՝ երեխային:

Ծնողների մեծ մասը երեխայի՝ տարբեր իրավիճակներում լավ կամ վատ դրսեւորվելը վերագրում է ժառանգաբար նրան փոխանցված բնավորությանը կամ վարվելակերպին: Ինչո՞ւ չենք մտածում մեր կյանքի օրինակով ազդեցություն թողնելու մասին: Հաջողության կհասնենք, եթե հետեւողականորեն զբաղվենք երեխայի դաստիարակությամբ, սիրած զբաղմունքից կտրվելով՝ ժամանակ տրամադրենք նրան, զինվենք անսահման համբերությամբ ու սիրով, աշխատենք մեզ վրա, որպեսզի դառնանք ավելի լավը եւ օրինակ ծառայենք երեխային:

Եկե′ք ընդունենք, որ երեխայի վարքը կախված է մեր վերաբերմունքից: Դժվար է, սակայն դա է միակ ուղին, որը տանում է դեպի նպատակակետ:

Մեկ այլ կարևոր խնդիր է մեր անկատար երազանքները մեր երեխաներին պարտադրելը: Երեխայի երազանքը իրականացնելիս մենք երբեք չպետք է անդրադառնանք մեր չիրականացած երազանքներին: Բոլորս էլ հիշում ենք չարաբաստիկ երկրաշարժին հաջորդող մութ ու ցուրտ տարիները, խանութների դատարկությունը: Այդ տարիներին շատ երեխաների երազանքներ այդպես էլ մնացին անկատար, եւ հիմա նրանցից շատերն իրենք երեխաներ ունեն: Նրանցից ոմանք, հիշելով իրենց մանկությունը, ուզում են իրենց երեխաներին զերծ պահել զրկանքներից եւ նրանց համար անում են ամեն ինչ, և երեխայի ցանկությունները կատարելը դառնում է ծնողների առաջին նպատակը: Սա երես առած երեխա ունենալու ամենակարճ ճանապարհն է. վաղ թե ուշ մենք կանգնելու ենք փակուղու առջեւ: Բավարարելով երեխայի բոլոր նյութական քմահաճույքները՝ նրան ոչ թե երջանկացնում ենք, այլ հակառակը, հող ենք նախապատրաստում հետագայում դժբախտ երեխա ունենալու համար:

Մեզանից յուրաքանչյուրը պետք է քաջ գիտակցի, որ երեխայի դաստիարակությունը միայն մեր ընտանիքի գործը չէ: Այն, ինչ կատարվում է մեր ընտանիքի պատերի ներսում, վերաբերում է միայն ներկաներին, սակայն մենք բոլորս էլ հասարակության մի մասն ենք կազմում: Երեխան, որի վրա տանը կամ փողոցում բղավում են, վաղը գնալու է մանկապարտեզ կամ դպրոց եւ իր մեջ կուտակված ագրեսիան այնտեղ է արտահայտելու: Նա է լինելու մեր երեխայի ընկերն ու դասընկերը: Մեր երեխաներն էլ ուրիշների ընկերներն ու դասընկերներն են, ուստի սխալված չենք լինի, եթե ասենք, որ երեխային դաստիարակելիս միշտ պետք է հաշվի առնենք այս հանգամանքը եւ միշտ հիշենք, որ մենք բոլորս այս հասարակության լիիրավ անդամներ ենք: Այսօր շատ կարեւոր է երեխայի համար օրինակ լինելը և նրա մեջ ապագայի ազնիվ քաղաքացի տեսնելը նրան հանիրավի մեղադրելու փոխարեն:

Իմ հորդորն է, որ գիտակցված մոտենանք մեր երեխաների դաստիարակությանը, եւ եթե կարեւորում ենք մեր վաղվա օրը, ապա այսօր ջանք ու եռանդ չխնայենք մատաղ սերնդի դաստիարակության գործում: Հիշենք Համո Սահյանի խոսքերը. «Ճշմարիտ հողի վրա կեղծ սերմ չդնենք»: Չէ՞ որ երեխային սովորեցնողը եւ դաստիարակողը մենք ենք՝ մանկավարժներս:

Դպրոցը չի կարող լինել պարզապես երեխաների դասապրոցեսի կազմակերպման համակարգ: Կրթությունը պետք է երեխային իր կարողությունները բացահայտելու հնարավորություն տա և օգնի ձեւավորվելու որպես անհատ, քանի որ մենք այսօր ապրում ենք մի աշխարհում, որին անհրաժեշտ են հումանիստական կրթական միջավայրում ձեւավորված քաղաքացիներ:

Մելանյա Գեղամյան
մ.գ.թ., Ավետիսյան դպրոցի տնօրեն