«Ե՛ս եմ ընտրել իմ ճանապարհը»

«Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ. այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է». այս կարգախոսով էր տոգորված Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված գեղարվեստական միջոցառումը, որը կազմակերպել էր պատմության ուսուցիչ Արմեն Հովսեփյանը: Նրա սաների շնորհիվ եւս մեկ անգամ հառնեց Հայաստանի եւ Արցախի Ազգային հերոսի, նորագույն ժամանակների գոյապայքարի Սպարապետի արիական կերպարը:

Բանակաշինարար Վազգեն Սարգսյանն ասում էր. «Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, հայության հավաքական կերպարը, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային»։

Իսկ սա հայրենյաց պաշտպանի պատգամն է համայն հայությանը. «Մի բուռ մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս: Քո տունն է, քեզ տեր ու տիրակալի նման պահիր»:

Պատմությունից քաղած նրա դասը՝ «Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է»:

Պետական գործիչ Վազգեն Սարգսյանի հավատամքը՝ «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը ինքն է»:

Պայքարի բովում թրծված ի՛ր ճշմարտությունն ուներ Սպարապետը. «Այս երկրի սահմանները գծվում են արյամբ եւ ամրանում քրտինքով»:

… Այսպես՝ սահուն եւ գեղեցիկ պատումով, մեջբերումներով, տեսահոլովակներով ավետիսյանցիների հետ «խոսեց» Վազգեն Սարգսյանը:

Մի առիթով իր գրչակից ընկերներին նա ասել էր.«Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնելու այն երազանքները, որոնք փայփայում էինք… Բայց դա բախտի բան չէ: Ե՛ս եմ ընտրել իմ ճանապարհը»:

…«Վե՛ր կաց, եղբա՛յր իմ…» պատանիների հուզիչ երգի վերջին ելեւէջների հետ դահլիճը փոթորկվեց ծափերից: Իսկ էկրանից ավետիսյանցիներին ժպտում էր Սպարապետը, եւ աննկուն հայրենասերի հայացքը հիշեցնում էր՝

«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»: