Սկյուտարի հայկական գերեզմանոցում երկրպագուները նրա շիրմաքարին գրել էին. «Կաթիլ մ’ արտոսր շիրիմիդ, ո՜վ պաշտելի Դուրյան»:
Իսկ Երեւանի Կոմիտասի անվան պաթեոնում, որի տուֆակերտ կարմիր պատի մեջ 2012 թվականից ի վեր զմռսված են «Սկյուտարի սոխակի» մասունքները, միայն անունն է՝ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ, եւ ծննդյան ու մահվան տարեթվերը՝ 1851-1872: Այստեղից էլ սկսեցին գրականության բացօթյա դասը Ավետիսյան դպրոցի VIII «գ» դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ն. Թունյան, ուսուցիչ՝ Զ. Սարգսյան): Նրանց համար եւ՛ զարմանալի, եւ՛ ուրախալի էր, որ «Լճակն» արտասանելիս իրենց միացան նաեւ ուղեկցող ծնողները: Ուրեմն՝ բոլորը գիտեն, ուրեմն՝ իրոք շատ է սիրված…
Ութերորդցիները շրջեցին զբոսայգի-գերեզմանատան տարածքով մեկ. ամեն մեկն ուզում էր գտնել իր սիրելի հեղինակի շիրիմը, եւ գտան՝ Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյանի խորհրդանշական գերեզմանը եւ ավելին՝ Ռոմանոս Մելիքյան, Յուրի Վարդանյան, Կարեն Դեմիրճյան… պանթեոնում ամփոփված մշակույթի գործիչների եւ անվանի հասարակական-քաղաքական դեմքերի շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո ավետիսյանցիներն այցելեցին զորավար Անդրանիկի՝ պանթեոնի հարեւանությամբ գտնվող թանգարան՝ ծաղիկներով զարդարելով մեծ հայդուկապետի եւ նրա զինակիցների հուշարձանները:
