Սեմինար՝ ծնողների ցանկությամբ եւ նրանց համար
«Մեր ժամանակների դաստիարակության հիմնախնդիրները, ծնող−երեխա փոխհարաբերությունը եւ ծնող−դպրոց−աշակերտ համագործակցության անհրաժեշտությունը» խորագրով ապրիլի 27-ին եւ մայիսի 4-ին Ավետիսյան կրթահամալիրի մի խումբ ծնողների համար անցկացվեցին սեմինար-քննարկումներ, որոնք վարեց կրթահամալիրի հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանը: Նա ներկայացրեց արդի պայմաններում դաստիարակության հիմնախնդիրները եւ այն փոփոխությունները, որոնց հարկ է ուշադիր լիներ աճող սերնդի ձեւավորման ընթացքում։ Ներկաները համակարծիք էին, որ գիտական եւ տեխնոլոգիական սարքերին զուգընթաց երեխա դաստիարակելը դարձել է շատ ավելի դժվար եւ պատասխանատու գործընթաց։ Լինել հետեւողական ծնող, աջակցող, լսող եւ միաժամանակ՝ ընկեր. ահա՛այն հատկանիշները, որոնք առաջնային են երեխայի ձեւավորումը եւ հետագան ճիշտ հունով տանելու, դեռահասին ուղղորդելու համար:
Հոգեբանն առանձնապես կարեւորեց դպրոց−ծնող−աշակերտ եռանկյունու անհրաժեշտությունը եւ խնդիրներ ծագելու դեպքում այդ երեք օղակների համագործակցության արդյունավետությունը։
Ամենից ծավալուն քննարկման արժանացավ «Դեռահասության տարիքում առաջ եկած խնդիրները, ներկա մարտահրավերները եւ լուծման արդյունավետ մեթոդները» հարցը:
Ծնողները գոհ էին սեմինարի թե՛ ձեւաչափից, թե՛ թեմայից եւ ցանկություն հայտնեցին, որ այսպիսի սեմինարները շարունակական լինեն: