Հոգեբանության մեջ տարիքային զարգացման ամենազգայուն, դժվար և ճգնաժամային տարիք է համարվում դեռահասության տարիքը: Այն ընդգրկում է 11-12 մինչև 14-15 տարեկանը։ Դժվարությունն այն է, որ այդ տարիքում երեխայի կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ և՛ ֆիզիկական առումով, և՛ հոգեբանական, և՛ սոցիալական:
Երեխան անցում է կատարում մանկությունից դեպի հասունություն:
Ֆիզիկական առումով օրգանիզմի վերակառուցման սկիզբը կապված է հիպոֆիզի, հատկապես նրա առաջնային բաժնի աշխատանքի ակտիվացման հետ։ Հիպոֆիզի արտադրած հորմոնների շնորհիվ առաջանում են հետևյալ երևույթները՝ հասակի թռիչքաձև աճը և սեռական հասունացումը: Սիրտը ևս աճում է, բայց ավելի արագ, քան արյունատար անոթները: Դրա հետևանքով կարող են դրսևորվել սրտխփոցներ, գլխապտույտ, գլխացավեր և արագ հոգնելու միտում:
Նշված բոլոր ֆիզիկական փոփոխությունների հետևանքով առաջանում են հոգեբանական տարբեր երևույթներ,ինչպիսիք են դյուրագրգիռությունը, բռնկվողությունը, շարժողական ակտիվությունը կամ ալարկոտությունը և անտարբերությունը:
Դեռահասի ամենայուրահատուկ նորագոյացությունը այն պատկերացման առաջացումն է, որ ինքը այլևս երեխա չէ:
Մեծահասակների և դեռահասի շփման դժվարությունները բավականին կնվազեն, եթե մեծահասակը բարեկամական փոխհարաբերություններ կառուցի՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և փոխօգնության վրա:
Ծնողները առավել ևս պետք է լինեն համբերատար և լինեն ընկերոջ դերում:
Հենց այսպիսի հարաբերություններն են ցանկալի դեռահասին և նպաստավոր՝ նրա դաստիարակության համար։
Սոցիալական առումով ընկերների հետ հաճախ շփվելը դեռահասի համար այնպիսի մեծ արժեք է ներկայացնում, որ հետին պլան են մղում ուսման գործը և ծնողների հետ շփումը:
Այս տարիքում առաջանում են նաև ուսումնական նոր դրդապատճառներ՝կապված կյանքի հեռանկարի, մասնագիտական կողմնորոշման և ապագայում սեփական տեղը գտնելու հետ:
Շատ կարևոր են նշյալ փուլում մեծահասակի հետ փոխհարաբերությունները: Եթե չափահասը հաշվի նստի դեռահասի պահանջների հետ և հրաժարվի նրան երեխա համարել, բարեհաջող հարաբերություններ կկառուցեն երկուստեք, իսկ եթե հակառակը, նրանք անընդհատ վեճեր և բախումներ են ունենալու, ապա որպես հետևանք դեռահասը կա՛մ մեկուսանում և օտարանում է ծնողներից, կա՛մ հեռանալով տնից՝ կարող է հայտնվել սոցիալապես ախտահարված միջավայրում:
Հարգելի՛ ծնողներ և ուսուցիչներ, լինենք համբերատար, որպեսզի կարողանանք օգնել երեխային, հաղթահարել տվյալ տարիքային ճգնաժամային փուլը։
Արփի Խաչատուրյան
Ավետիսյան դպրոցի հոգեբան-մանկավարժ