Երեւանի պետական համալսարան՝ մայր բուհ, որը մեկ դարից ավելի է, ինչ կրթում եւ հայրենիքին ու աշխարհին է նվիրում առաջնակարգ մասնագետների՝ ֆիզիկոսից մինչեւ փիլիսոփա, հնագետից մինչեւ դիվանագետ, ծրագրավորողից մինչեւ տնտեսագետ, որի «մայրաբնից», հասունանալով ու ճյուղավորվելով, շարունակում են ծնվել ինքնուրույն ուսումնական հաստատություններ, իսկ իր ներսում՝ արդիական պահանջներից ծնվող նորանոր ֆակուլտետներ ու ամբիոններ:

Ինչո՞ւ ընտրել հենց տնտեսագետի մասնագիտությունը: Ինչո՞ւ է դա ավելի կարեւորվում մեր օրերում, եւ, ընդհանրապես, ի՞նչ է անում տնտեսագետը:

Մեր երկիրն, անշուշտ, կարող է «դրսից» հրավիրել անհրաժեշտ մասնագետների, բայց մեզ պետք են մասնագետներ, որոնք ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը կներկայացնեն մեր հարազատ մայրենիով:

Կյանքի բոլոր բնագավառներում մենք տեսանելի եւ անտես թելերով կապված ենք ամբողջ աշխարհի հետ: Ահա թե ինչու է այդքան անհրաժեշտ օտար լեզուների իմացությունը՝ անկախ ընտրած մասնագիտությունից:

Եթե ազգային դաստիարակություն չստանա, նոր սերունդը ինչպե՞ս կկարողանա տեր կանգնել մեր դարավոր մշակույթին, որի շնորհիվ է պահպանվել մեր ազգային ինքնությունը:

Ավագ դասարանների աշակերտների հետ այս եւ նման դրույթների շուրջ խոսեցին ԵՊՀ-ից Ավետիսյան դպրոցում հյուրընկալված դասախոսները՝ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռաֆիկ Հակոբյանը, Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գեւորգ Բարսեղյանը, հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության եւ գրականության տեսության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը:

Բարձրդասարանցիները տեղեկացան նաեւ, որ ԵՊՀ-ում անցկացվում են անվճար դասընթացներ, որոնց մասնակցելով՝ ապագա դիմորդները սպառիչ տեղեկություններ կստանան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում ցուցադրվեց տեսաֆիլմ Երեւանի պետհամալսարանի մասին:

Այցի համար շնորհակալություն հայտնելով թանկագին հյուրերին՝ կրթօջախի տնօրեն Մելանյա Գեղամյանը խոստացավ մոտ առաջիկայում կազմակերպել ապագա դիմորդների խմբային այց ԵՊՀ: Իսկ վերջում նա եւս մեկ անգամ դիմեց իր սաներին՝ հորդորելով աչքի լույսի պես պահել մեր մայր լեզուն:

 

Սամվել Մուրադյանը

Գեւորգ Բարսեղյանը

Հայկ Սարգսյանը

Ռաֆիկ Հակոբյանը