Էկոդաստիարակություն. իրազեկումը շարունակվում է

Եվ ոչ միայն շարունակվում է, այլև աստիճանաբար խորանում: ISSD հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում Ավետիսյան դպրոցի ավագ դասարանների աշակերտներն այս անգամ հիմնավոր տեղեկություն ստացան անօրգանական թափոնների, դրանց ճիշտ ընտրության, վերամշակման և կիրառության մասին: ՀԿ տնօրեն Մխիթար Ավետիսյանը և ծրագրի օգնական Օֆելյա Հարությունյանը նրանց հանգամանորեն բացատրեցին անօրգանական թափոնների, հատկապես թղթի, պլաստիկի և ապակու տարբերակման սկզբունքները, կոմպոստի պատրաստման նրբությունները:

Այդ տեղեկությունների շնորհիվ արդեն գարնանից հատուկ կոմպոստացման արկղերում ավետիսյանցիները կսկսեն պատրաստել էկոլոգիապես մաքուր, բնական պարարտանյութ, որով սնուցելու են դպրոցի բակի ծառերը: Իսկ այս պահին նրանք դեռ սովորում են սովորական աղբից տարբերել վերաօգտագործելի թափոնը, ճիշտ տեսակավորել արդեն կուտակվածը, նաև՝ թե ի՛նչ կարող է անել մեզանից յուրաքանչյուրը թափոնների կառավարման գործում մեր երկրին ու կառավարությանը օգնելու համար: Մանավանդ որ Ավետիսյան դպրոցի նոր շենքում ի սկզբանե ուշադրության կենտրոնում է թափոնի տեսակավորման խնդիրը, և դրա համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այս հանդիպումը ISSD հկ-ի հետ միջոցառումների շարքի երկրորդ փուլն էր: Առաջին փուլը նվիրված էր օրգանական պարարտանյութերի կիրառությանը:

Մանկավարժ Քրիստինե Գևորգյանի մտահղացմամբ թափոնի վերաբերյալ այսօր ձեռք բերած գիտելիքները պատանի բնապահպանները շուտով կփոխանցեն միջին դպրոցի իրենց դասընկերներին՝ սովորողից դառնալով սովորեցնող և այդպիսով տարածելով աշխարհում աստիճանաբար ընդարձակվող՝ թափոնի վերաօգտագործման մշակույթը:

Ու նաև նրանց շնորհիվ կմոտենա այն օրը, երբ Երկիր մոլորակը ազատ կշնչի, իսկ Ավետիսյան դպրոցի ծառերի պուրակը կդառնա ստվարախիտ անտառ: