Պայծառ, շենշող, խորախորհուրդ։ Այլ կերպ անհնար է բնորոշել 2021-2022 ուստարվա շրջանավարտության հանդիսավոր արարողությունը Ավետիսյան դպրոցում։ Եվ, անշուշտ, նաեւ ներկայացուցչական։ Քանզի խնդուն դեմքերով մանկավարժների, ծնողների, բարձրդասարանցիների, շրջանավարտների կողքին՝ դահլիճի առաջին շարքերում, տեղ էին զբաղեցրել կրթօջախի բարերարները ԱՄՆ-ից եւ Կանադայից, հանրապետության պետական եւ միջազգային բոլոր առաջատար բուհերի ղեկավար կազմերի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պատվավոր այլ հյուրեր։

Տարիների ավանդույթին հավատարիմ՝ արարողությունն սկսվեց ՀՀ եւ Ավետիսյան դպրոցի դրոշների մուտքով։ Իսկ մինչ այդ օրվա հերոսները հասցրին հանդիսության պատվավոր հյուրերին ծանոթացնել սիրելի դպրոցին՝ ուղեկցելով նրանց հարկից հարկ եւ մեկնաբանություններ տալով մայրենիով, անգլերենով, ֆրանսերենով, ռուսերենով։

Սրտագորով խսքով շրջանավարտներին դիմեց դպրոցի տնօրեն տիկին Մելանյա Գեղամյանը։ Իր սաներին մաղթելով բարեհաջող նավարկություն ինքնուրույն կյանքի մեծ օվկիանոսում՝ տնօրենն օրինական հպարտությամբ շեշտեց, որ դպրոցն իր սաներին կյանք է ճանապարհում՝ զինած 21-րդ դարի ամենահզոր զենքով, եւ այդ անխոցելի զենքը գիտելիքն է, որի դեմ բացվում են բոլոր փակ դռները, որի զորությամբ հաղթահարվում է ցանկացած խոչընդոտ։ Տիկին Գեղամյանի խոսքի կենդանի վկայությունն էին նախօրեին տարբեր համալսարաններում բարձր գնահատականներով միասնական քննություն հանձնած շրջանավարտների պայծառ դեմքերը, ավելին. նրանցից մի քանիսն արդեն իսկ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող էին։

Տիկին Մ.Գեղամյանը իր, ամբողջ աշխատակազմի եւ շրջանավարտների կողմից երախտագիտության ուղերձ հղեց Միացյալ Նահանգներ՝ սիրելի բարերար եւ անգնահատելի բարեկամ Էդվարդ Ավետիսյանին, նրա տիկնոջը՝ տիկին Փամելային եւ ամբողջ Ավետիսյան ընտանիքին, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի։

Ջերմ էր նաեւ AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, Ավետիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հարութ Ներսեսսյանի ելույթը։ Շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքերից հետո պրն Ներսեսսյանը ներկայացրեց օրվա բանախոսին՝ Հայաստանի գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի հիմնադիր եւ տնօրեն Ռիչարդ Տիգրան Բեզջյանին՝ ավետարանական համեստ ընտանիքից սերած հայտնի գործարարին եւ կազմակերպչին, ում անցած ուղին եւ նվաճած բարձունքները այսօրվա շրջանավարտներին կարող են դասագրքային օրինակ ծառայել։

Թե ինչքան համոզիչ եւ ինչպե′ս խոսեց օրվա բանախոսը, կներկայացնենք մեր լրատվության հաջորդ թողարկման մեջ՝ անդրադառնալով նրա մատուցած «դասերից» յուրաքանչյուրին առանձին-առանձին։ Մինչ այդ ասենք, որ Ռիչարդ Տիգրան Բեզջյանի խոսքն ընդունվեց բուռն, երկարատեւ ծափահարություններով։

Կրթահամալիրի նորակառույց շենքի ճակատին՝ Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան ճիշտ դիմաց, հայերեն եւ անգլերեն խոշորատառ մակագրություն կա՝ «Բիլեզիկյան մասնաշենք»։ Դա կրթահամալիրի տարրական դպրոցի եւ նախակրթարանի հարմարավետ եւ լուսավոր մասնաշենքն է՝ «Բիլեզիկյան ընտանիք» հիմնադրամի նվերը Ավետիսյան կրթահամալիրին։ Ի դեպ, Բիլեզիկյանները հեռավոր ԱՄՆ-ից մեր հանդիսությանն էին եկել 13-հոգիանոց գերդաստանով։

AMAA-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրենի տեղակալ Արեն Դեյիրմենջյանը հակիրճ, սակայն բովանդակալից եւ սպառիչ խոսքով ներկայացրեց բարերար Գրեգ Բիլեզիկյանին։ Ի դեպ, հանդիսավոր արարողությունից հետո բարերարն առանձին «ընտանեկան» ջերմ հանդիպում ունեցավ կրթօջախի աշխատակազմի հետ։

Ամեն ինչ էր գեղեցիկ հունիսի 17-ին Ավետիսյան դպրոցում՝ շրջանավարտ Աննայի հուզիչ ելույթը, դահլիճի միահամուռ ծափողջույնը մանկավարժների հոծ բանակին, հանդիսավար Անդրանիկ Մարդոյանի դիպուկ կատակները, արցունքների միջից ժպտացող հուսավառ աչքերը…

Արարողությունն ամբողջացավ Հայ Ավետարանական եկեղեցու ավագ հոգեւոր հովիվ վերապատվելի Մկրտիչ Մելքոնյանի օրհնության աղոթքով։

Եվ հնչեց զանգը, 34 ավետիսյանցիների դպրոցական կյանքի ավարտը եւ նոր կյանքի սկիզբն ազդարարող այնքա՜ն սպասված զանգը։