Հոդվածը տպագրվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի պաշտոնաթերթի 2022 թ. մարտի 3-ին լույս տեսած համարում՝ «Թող այս գրքերը ուշ մաշվեն. Գիրք նվիրելու օրը Ավետիսյան դպրոցում» վերտառությամբ։

Թող այս գրքերը շուտ մաշվեն

Ավանդույթի համաձայն՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը գրքի տոնի է վերածվում Ավետիսյան դպրոցում: Ահա և այսօր. գրքերով ծանրաբեռնված՝ բեմ են բարձրանում «Անուշն» ու «Սարոն», «Մարոն» ու «սուտասանը», «Կիկոսն» ու «անխելք մարդը», «թագավորը», «չարչին», «մուկիկը»… Նրանց թիվն անցնում է մի քանի տասնյակից, սակայն դահլիճը չի հոգնում ամեն մեկին ծափերով դիմավորելուց:

Տարրական դպրոցի «հերոսները» գրադարանավարին են հանձնում այս տարվա իրենց «ավարը»՝ մանկապատանեկան սիրված գրքերը: Դրանք մեկ-մեկ շարվում են հենց բեմում դրված գրադարակում: Դարակներում այլևս տեղ չկա, մինչդեռ ամբողջ դպրոցը՝ դասարան առ դասարան, իր նվերն է պատրաստել հարազատ դպրոցին, որ պիտի մատուցի այս հանդիսավոր ու տոնական մթնոլորտում:

Թումանյան և գիրք, գիրք և Թումանյան,  տասնչորս տարվա ավանդույթ, որը Ավետիսյան դպրոցում տարեցտարի ձեռք է բերում նոր երանգներ: Այդ մասին է վկայում դպրոցի տնօրեն տիկին Մ. Գեղամյանի ոգեշնչող բացման խոսքը, որի ոգեկան և տրամաբանական շարունակությունն է դառնում Երևանի Խ. Աբովյանի անվան ՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Ս. Դանիելյանի ուղերձը, նրա ղեկավարած պատվիրակության  անդամների ելույթները:

Հալեպահայ արվեստագետ, թարգմանիչ, արձակագիր և մանկավարժ Հակոբ Միքայելյանի խոսքը ձոն էր մեր ոսկեղենիկ մայրենիի երկվորյակ քույրերի՝ արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցմանը: Նա նաև ներկայացնում է Թումանյանի մի քառյակ՝ բնագրով, արևմտահայերեն և արաբերեն:

Մթնոլորտը գնալով ջերմանում է. Ավետիսյան ավագ դպրոցում գործող «Ժամանակակից գրական վերնատան» ղեկավար, մանկավարժ Լ. Բախշյանն իր սիրելի սաներից Լ. Խոյեցյանի հետ ներկայացնում է «Վերնատան» անցած ճանապարհը: Պրոֆեսոր Ս. Դանիելյանը «Վերնատանը» հրավիրում է իր ղեկավարած կենտրոն՝ համատեղ քննարկումների, այնուհետև կայանում է պարգևատրման արարողություն. «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի պատվոգրերին են արժանանում ամենաընթերցասերները և գրքի բարեկամները՝ ուսուցիչ թե աշակերտ: Իր հայաշունչ ասմունքով տոնը զարդարում է Երևանի Գ. Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռուզաննա Հախնազարյանը:

Իսկ բեմի մեծ գրադարակում այլևս ազատ տեղ չի մնացել: Մեկ առ մեկ ներկայացնելով իրենց նվիաբերած գրքերը՝ 4-12-րդ դասարանների աշակերտները դրանք հենց բեմում էլ շարում են: Քիչ անց, ինչպես ամեն տարի, բարձր դասարանների տղաները սիրով և անտրտունջ այդ հակերը կտեղափոխեն գրադարան:

Դահլիճի ջերմացած օդում ասես դաջվում և մնում է պրոֆեսոր Ս. Դանիելյանի մաղթանքը.

«Թող այս գրքերը շուտ մաշվեն»…