Երեխաների մեջ համագործակցելու կարեւորությունն ու անհրաժեշտությունը, դրա արդյունքից ստացած հաճույքը պետք է ներարկել դպրոցից, եւ այդ նրանց կուղեկցի ամբողջ կյանքում, ու նրանք կդառնան հասարակության համար առավել պիտանի ու մարդասեր քաղաքացիներ։

Այս հոդվածով ուզում եմ կիսվել վերոնշյալ նպատակին հասնելու իմ փորձով։

Արդեն 3 տարի է, ինչ դասավանդում եմ 6-րդ եւ 10-րդ դասարաններում, նաեւ 6-րդ դասարանի դասղեկն եմ։
Որպես դասղեկ՝ հետեւում եմ թե՛ ուսումնական գործընթացին, թե՛ կրթության առաջադիմությանը, թե՛ նրանց միջանձնային հարաբերություններին, թե՛ դասարանի մթնոլորտին։
Շատ կարեւորում եմ արտադասարանական շփումները, խաղերը, միջոցառումները, էքսկուրսիաները, քանի որ վստահ եմ, որ սերտ հարաբերություններ ունեցող դասարանում ավելի արդյունավետ կարող է լինել ցանկացած աշխատանք:
Ուշադիր հետեւելով դասարանիս առաջադիմությանը՝ փորձել եմ հասկանալ՝ ինչպես կարելի է հաղթահարել այս կամ այն առարկայի հետ կապված ուսումնական դժվարությունները, եւ որն է այդ խնդրի իրական պատճառը, քննարկել եմ այդ հարցերը դասարանումս դասավանդող ուսուցիչների հետ:

5-րդ դասարանում՝ տնօրենության կողմից մայրենիից տրվող գրավորի ժամանակ, դասարանս արձանագրեց 35 տոկոս որակ, ինչն ինձ վշտացրեց. գրավորը ուղղագրության շուրջ էր, եւ շատ բառեր սխալներով էին գրված, կային կրկնվող սխալներ:Սա այն դեպքում, երբ ուղղագրությունն անցնում էինք ոչ միայն դասագրքով, այլեւ կանոնավոր աշխատում էինք լրացուցիչ տարբեր ձեռնարկներով, կազմում էի ուղղագրության շուրջ հարցաշարեր, թեստեր, կազմակերպում էի խաղ- մրցույթներ:

Գրավորից հետո որոշեցի աշխատանքս դարձնել չափելի. հաշվեցի այդ դասարանի համար նախատեսված թելադրությունների մեջ եղած սովորեցնելիք բառերը, տեսա, որ բարդագույնները մոտ հարյուր քսանն են:

Առանձին թղթի վրա դրանք հավաքեցի, գրեցի նաեւ որոշ բառերի հոմանիշները, տպեցի, բաժանեցի բոլոր աշակերտներիս, սահմանեցի ժամկետ՝ 1․5 ամիս, որի ընթացքում պետք է յուրացնեին այդ բառերի գրությունը, սերտեին դրանց հոմանիշները:

Աշխատելու ընթացքում զգացի, որ միայնակ չեմ հասցնում բոլորի լրացուցիչ աշխատանքներն առանձին – առանձին ստուգել, արձագանքել, ժամանակ հատկացնել, եւ որոշեցի այս գործընթացին ներգրավել հումանիտար 10-րդ դասարանի աշակերտներին, հատկապես որ նրանց հետ էլ անցնում էի ուղղագրություն բաժինը խորացված ձեւով:

Խորհրդակցեցի աշակերտներիս հետ, ստացա նրանց համաձայնությունը, ոգեւորվեցինք, տրվեց համագործակցության մեկնարկը, եւ սկսեցինք այս եռակողմ փոխշահավետ ձեռնարկը, որն օգտակար կլիներ եւ՛ հինգերորդցիների, եւ՛ տասներորդցիների համար։ Այս համագործակցության ընթացքում շահեցինք բոլորս․ ուղղագրության մակարդակը բարձրացավ երկու դասարանում էլ, իսկ աշխատանքս կազմակերպեցի ավելի արդյունավետ, էլ չեմ ասում, թե որքան հետաքրքիր գործընթաց ու մթնոլորտ ձեւավորվեց երկու դասարաններում։ Երեխաներն իրար ուղղորդում էին, արդյունքները պարբերաբար ստուգվում էին, հետեւում էի պարապմունքների կանոնավոր ընթացքին:

Դասարանում ես ստուգում էի բառերի ուղղագրության, հոմանիշների յուրացման աստիճանը,արդյունքը քննարկում էի մենթոր աշակերտների հետ, փորձում էինք գտնել ամեն մեկի հետ աշխատելու ամենաարդունավետ ձեւը. մեկը բառերը սերտում էր տանը, մենթորը ստուգում, ամրապնդում էր, մյուսը աշխատում էր հենց դպրոցում մենթորի հետ դասամիջոցներին կամ դասերից հետո, ոմանք աշխատում էին ամեն օր, ոմանք՝ տարբեր օրերի:Աշակերտները ինքնակազմակերպվում էին,ինքնավերահսկվում, իրենք գիտեին՝ ինչ վերջնարդյունք է ակնկալվում իրենցից. այդ բառերի ուղղագրությունը, բացատրությունը պիտի սովորեին այնպես,որ որակի աճ գրանցեր յուրաքանչյուր աշակերտ:

Մեկուկես ամսվա աշխատանքից հետո որոշեցի ստուգել արդյունքները.նախ տվեցի նույն տեքստը, որից երեք ամիս առաջ գրանցել էին 35 տոկոս որակ:Ասեմ, որ այդ նույն տեքստը չէի թելադրել այլեւս:Աշակերտները գրանցեցին շատ լավ արդյունք. 35-ից 73 տոկոս աճ գրանցեցինք:

Ի՞նչ շահեցինք.

  • սովորեցին բառերի ուղղագրությունը:
  • Հարստացրին բառապաշարը։
  • Սովորեցին համագործակցել։
  • Զարգացրին սովորել սովորելու կարողունակությունը։
  • Զարգացրին հաղորդակցման հմտությունները։
  • Զարգացրին ինքնաճանաչողական կարողունակությունը
  • Սովորեցին ժամանակը արդյունավետ օգտագործել։
  • Ջերմ հարաբերություններ հաստատեցին, որ հիմնականում շարունակվում է մինչ հիմա:

Վեցերորդ դասարանում՝ այս տարի էլ բախվեցինք մի նոր խնդրի. հեռավար ուսուցումից հետո, երբ շարունակեցինք առկա ուսուցումը, պարզ դարձավ, որ շահագրգռվածությունը ուսման հանդեպ նկատելի նվազել է, գնահատականները սկսեցին իջնել, բողոքները շատացան,որ առարկաները դժվար են, տնայինները շատ են, չեն հասցնում օրվա ընթացքում հանձնարարությունները կատարել, չեն հասցնում յուրացնել ծրագրային նյութը։

Բողոքում էին նաեւ ուսուցիչները, ծնողները:

Վերհիշելով նախորդ տարվա փորձի արդյունքը՝ որոշեցի ուրիշ բան ձեռնարկել: Տեսնում էի, որ պետք է փոքր խթան, շահագրգռվածություն, որ սայլը տեղից շարժվեր:

Առաջարկեցի աշակերտներիս երկկողմ պայմանագիր կնքել, ըստ որի՝ իրենք պարտավորվում են լավ աշխատել, գնահատականները հնարավորինս բարձրացնել, ես պարտավորվեցի ապահովել լրացուցիչ անհրաժեշտ օգնությունը յուրաքանչյուրին։ Այսպիսով, դասարանի բոլոր աշակերտները հանձն առան աշխատել այդ ուղղությամբ, ընդ որում պայմանավորվեցինք, որ դաս անելիս իրար օգնելու են, բացատրելու են միմյանց բարդ թեմաները, նրանք իրար հետ սկսեցին աշխատել դասերից հետո դպրոցում, նաեւ օգտվում էին zoom հարթակից: Ինքնաբերաբար ձեւավորվեց մենթոր աշակերտների փոքր խումբ, որ նախանձախնդրորեն անցավ գործի։

Ծնողական ժողովին ծնողներին տեղեկացրի պայմանագրերի մասին, խնդրեցի, որ իրենք էլ հետեւեն այդ գործընթացին:

Նշանակեցի տարբեր առարկաների արդյունքներին հետեւող պատասխանատու- աշակերտներ, որոնք ամեն դասղեկի ժամի ներկայացում էին յուրաքանչյուրի արդյունքները բոլոր առարկաներից, այսպիսով ընթացքում տեսանելի էր լինում զարգացումը:

Երկու ամսվա հետեւողական աշխատանքից հետո գրանցեցինք հետեւյալ արդյունքները․

 

 

 

Այսպիսով, 20 աշակերտներից 14-ն ունեցան անհատական առաջընթաց, 2 աշակերտ պահպանեցին գնահատականներն անփոփոխ, 4 աշակերտ գրանցեցին որակի անկում։ Պայմանագրերի կնքումից հետո դասարանի 70 տոկոսը գրանցեց որակի աճ։ Նրանք 2 ամսվա ընթացքում ավելի լավ էին սովորել, ավելի ներգրավված էին եղել ուսումնառության գործընթացին, զգալի էր լավ սովորելու շահագրգռվածությունը։

Ամենակարեւոր ձեռքբերումն այն էր, որ աշակերտները ընդունեցին, որ ավելի լավ սովորելը իրենց ուժերից վեր գործ չէ, որ անհրաժեշտության դեպքում ընկերների օգնությամբ հնարավոր է հասկանալ եւ սովորել անհնարին թվացողը։ Մենթոր աշակերտների պատասխանատվությունը ստանձնած գործի հանդեպ հիացնում էր ինձ։

Այս գործընթացը հարատեւ է այնքան, որքան կրթությունը։ Աշակերտներին վստահել, նրանց հնարավորություն տալ ինքնակազմակերպվելու, ինքնադրսեւորվելու, ինքնարտահայտվելու, միմյանց օգնելու, սովորեցնելու, մենթոր լինելու, գովեստներ ստանալու․ ահա կրթական այն միջավայրը, որ անպայման կնպաստի կրթության որակի աճին։


Լիլիթ Բախշյան
Ավետիսյան դպրոցի հայոց լեզվի
եւ գրականության ուսուցչուհի