Ճանապարհեցինք այսպես, դիմավորեցինք այսպես

Հին տարուն Ավետիսյան դպրոցի աշակերտները ճանապարհեցին IV «ա» դասարանցիների եւ դասղեկ Ն. Սահակյանի ամանորյա «բաղադրատոմսով», որը տարեմուտի հանդեսի ավարտին Ձմեռ պապը բաժանեց դահլիճում հավաքվածներին: Եվ այսպես, «Վերցնում ենք Կյանքը, մաքրում անտարբերությունից, նախանձից եւ ատելությունից, ավելացնում ենք մեկական պտղունց Հանդուրժողականություն, Համբերություն, Առողջություն, Խաղաղություն, այդ ամենին միախառնում ենք երեք պտղունց Սեր՝ Անխառն, Փոխադարձ, Անմնացորդ…»:

Իսկ նորը՝ 2023-ը, դպրոց մտավ այս երկար սպասված առաջին ձյունով: Երբ V «գ» դասարանի դասղեկ Ա. Օհանյանը հայտարարեց, որ դասղեկի ժամն անելու են հենց բակում՝ առաջին ձյան փաթիլների տակ, փոքրիկ ավետիսյանցիների բերկրանքին չափ չկար:

… Այդ ամենին նախորդել էին համառ ուսումնառության շաբաթներն ու ամիսները, որոնք միապաղաղ չէին, քանզի հագեցած էին իմացական տարատեսակ խաղ-մրցույթներով ու դասերով՝ «Թույլ օղակ», «Դասարանապատկեր», «Ճանապարհորդություն Եվրոպայով», «Բարդի», «Գրական վերնատուն», «Հետաքրքրաշարժ քիմիա», մրցանակ «Կոպեռնիկոս» միջազգային ակումբում, առարկայական օլիմպիադաներ, մարզական խաղեր ու մրցումներ եւ, անշուշտ, սիրահոժար կամավորական աշխատանք՝ սահմանամերձ գյուղերի 6000 երեխայի ամանորյա նվերների տուփեր պատրաստելու համար:

Ուստարվա երկրորդ կիսամյակը մտել է իր բնականոն հունի մեջ. ավագ դպրոցում անցկացվում են ստուգարքներ եւ քննություններ:

Առջեւում դեռ շա՜տ անելիքներ կան:

Բարի՜ երթ քեզ, 2023 թվական: