Այսօր՝ հունիսի 22-ի երեկոյան, Ավետիսյան դպրոցի դահլիճում տեղի ունեցավ աշխարհում հաշմանդամների միակ «Փարոս» կամերային երգչախմբի (գեղ. ղեկավար՝ Րաֆֆի Միքայելյան, խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան) և «Ավետիսյան դպրոցի» նվագախմբի (գեղ. ղեկավար՝ Արգենտինա Պողոսյան) համատեղ անդրանիկ համերգը՝ նվիրված Ավետիսյան ավագ դպրոցի առաջին շրջանավարտներին: Այն կազմակերպել էին դպրոցի բարերար Էդվարդ Ավետիսյանը և տնօրեն Մելանյա Գեղամյանը:
Համերգն սկսվեց Մելանյա Գեղամյանի ողջույնի բացման խոսքով: Նա մասնավորապես նշեց, որ «Նվեր շրջանավարտներին» խորագրով համերգին ներկա են դպրոցի բարերարներ Էդվարդ և Փամելա Ավետիսյանները, Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը, հոգաբարձության անդամներ, ընկերակցության աշխատակիցներ, դպրոցի ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր միջազգային կազմակերպություններից և դպրոցի աշակերտները:
Այնուհետև բեմ հրավիրվեց Էդվարդ Ավետիսյանը. նա շնորհավորեց դպրոցի անդրանիկ շրջանավարտներին, բարեմաղթեց ներկաներին:
«Ունիսոն» հ.կ. գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, ով հոգում է երգչախմբի կազմակերպական հարցերը, ներկայացրեց երգչախմբի անցած ուղին, ելույթների աշխարհագրությունը, շնորհակալություն հայտնեց բարերար Էդվարդ Ավետիսյանին հաշմանդամների համար հարմարվետության պայմաններով հագեցած այս դպրոցի համար:
Համերգի ընթացքում հնչեցին հայկական ժողովրդական և հոգևոր երգեր, արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հանդիսատեսը ջերմորեն ընդունեց երկու երաժշտախմբերի տպավորիչ ելույթները:
— Մենք ուրախ ենք երկու խմբերի այսօրվա համատեղ ելույթի համար: Սա, կարծում եմ, լավ նվեր է մեր շրջանավարտներին: Վստահ ենք, որ նման համերգներ էլի կլինեն մեր դպրոցում, — համերգի ավարտին ասաց Հարութ Ներսեսսյանը
Հ.Գ.
- «Փարոսը» աշխարհում միակ երգչախումբն է, որի անդամների գերակշիռ մասը կազմում են սայլակով տեղաշարժվող հաշմանդամները։
- Ավետիսյան դպրոցի նվագախումբը ստեղծվեց 2016-ին դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի և խմբավար Արգենտինա Պողոսյանի ջանքերով: Ընդամենը մեկ տարում խումբը ստեղծել է բավականին լուրջ երկացանկ և հասցրել հանդես գալ համերգներով: