Ցավոք, այլեւս մեզ հետ չէ եւս մեկ լավագույն բարեկամ՝ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը: Ղեկավար եւ ընկեր, ում կարող էինք դիմել ցանկացած դժվար պահի եւ ստանալ լավագույն ուղենիշը, խորհրդատու, ով հոգով լինելով մտավորական քրիստոնյա՝ խորապես հասկանում էր հայ մանկավարժների առջեւ ծառացող մարտահրավերները եւ ջանում գործնական քայլերով օժանդակել դրանց հաղթահարմանը, մասնավորապես Ավետիսյան դպրոցում քրիստոնեական ճշմարտությամբ ու ոգով աճող սերնդի դաստիարակությանը: Մեր սիրելի Զավեն Խանջյանը նաեւ հայ մշակույթի եւ ժառանգութեան, գրի, գրքի ջատագով էր եւ իր իմացության լայն դաշտը անձնուրացորեն նվիրաբերում էր կրթության ասպարեզին ոչ միայն մայր հայրենիքում, այլեւ համայն հայ համայնքում:

Ավետիսյան դպրոցի ամբողջ անձնակազմը եւ անձամբ ես, որ երջանկություն եմ ունեցել լինելու մեծ մտավորականի բարեկամուհին եւ բազմիցս օգտվելու նրա իմաստուն խորհրդատվությունից, սգում ենք Խանջյան գերդաստանի հետ մեկտեղ:

Նրա խրատներն ու խորհուրդները դեռ շատ երկար կուղեկցեն մեզ:

Ննջի՛ր խաղաղությամբ, Ուսուցի՛չ:

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն