Ավետիսյանցիները անհամբեր էին սպասում այս օրվան: Անցյալ տարիների փորձից գիտեին՝ ո՛ր դասարանը ինչ յուրահատկությամբ կներկայանա ավանդական տոնավաճառին: Բարձրդասարանցիներն, օրինակ, սպասում էին, որ տասներկուերորդցի Գեւորգն այսօր կբացի իր անկրկնելի տիրամիսուի բաղադրատոմսի գաղտնիքը, յոթերորդցիները՝ Մարիի պատրաստած արեւելյան գունավոր թանզաքու բացիկներին, ավելի փոքրերը՝ տոնական սեղանի զարդարանքների, նախշուն «ձվիկների» եւ անցած անգամ համտեսած սիրելի քաղցրավենիքների…
Նախակրթարանից, տարրականից մինչեւ ավագ դպրոց իրոք ջանացել էին նորացնել եւ հարստացնել իրենց ցուցահանդես-վաճառքի տեսականին: Եվ դա հաջողվել էր: Հայկական ավանդական գաթայից մինչեւ ժենգյալով հաց, ճապոնական մոչի եւ ռուսական կուլիչ, տարատեսակ նախշերով զարդեր եւ խաղալիքներ… Տնական եւ ինքնաշեն այս յուրահատուկ տեսականու մեջ, իհարկե, զգացվում էր նաեւ շնորհալի մայրիկների հասկանալի եւ խրախուսելի ձեռքը:
Վերջին անձրային եւ ամպամած օրերից հետո երկինքն անսպասելիորեն արեւոտ էր, եւ ամբողջ տոնավաճառի ընթացքում ուրախ-ուրախ ցատկոտելով սեղանիկից սեղանիկ, «դասարանից» «դասարան» էր անցնում օրվա մասկոտ հմայիլ-ճուտիկը. ութերորդցի Լիան այդ պայծառ օրը մարմնավորել էր աշխարհում ընդունված շնորհալի կերպար, որը, ինչպես հավատում են, կարող է ավելացնել ուրախությունն ու միասնությունը հանդիսատեսների եւ թիմերի միջեւ: Եվ Լիան իր դերը կատարեց փայլուն:
Ուրախ Զատիկ բոլորիս…