Մեր «Սուտլիկ որսկանը»՝ Գյումրիում
Մշակույթի եւ արվեստների մայրաքաղաք Գյումրին առանձնահատուկ ջերմությամբ ընդունեց մեր դպրոցի թատերախմբի «Սուտլիկ որսկանը» ներկայացումը, որը կայացավ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրիի ստորաբաժանման մշակույթի կենտրոնում:
Մեր պատանի դերասանների գրավիչ խաղին մի առանձին հմայք հաղորդեց դահլիճի անմիջական արձագանքն ու «մասնակցությունը» ներկայացման ողջ ընթացքին:
Սա մեր թատերախմբի առաջին հյուրախաղն էր, եւ խումբն արդեն ստացել է երկրորդ հրավերը, այս անգամ՝ Վանաձորից:
Հյուրախաղերից բացի, Ավետիսյան դպրոցի թատերախումբը մեկ այլ պատասխանատու առաքելություն էլ ունի: Վաղը՝ փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը, «Մալաթիա-Սեբաստիա» համայնքում թումանյանական միջոցառումներն սկսվելու են մեր «Սուտլիկ որսկանով»: Այնպես որ խումբն առաջին հաջողությունից գլխապտույտի մեջ չի ընկել, ընդհակառակը՝ գեղարվեստական ղեկավար եւ բեմադրիչ Վազգեն Թորոսյանի ղեկավարությամբ անընդհատ հղկում, կատարելագործում, նրբերանգներով հարստացնում է յուրաքանչյուր կերպար եւ նրա խաղը: