Հաղթեցին գիտակները
Հօգուտ գիտակների՝ 6:4 հաշվով ավարտվեց Ավետիսյան դպրոցի գիտակների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը (թիմի մարզիչ եւ խաղավար՝ Լիլիթ Բախշյան), որն անցկացվեց դասական խաղի բոլոր կանոններով (խաղավար, հարցասերներ՝ իրենց հարցերով, սեւ արկղ, օժանդակող երկրպագուներ, երաժշտական դադար), դիտորդներ, դիտողներ:
Գիտակները դպրոցի 11-րդ «ա» «բ» դասարանների աշակերտներն էին, հարցերի հեղինակները՝ ավագ դպրոցի սաներ եւ ուսուցիչներ: Գիտակները ցուցաբերեցին թիմային հաջողված խաղ եւ պատվով դուրս եկան այս մտավոր մրցությունից: Իսկ հարցերը ավելի քան բազմաբնույթ էին՝ Սուեզի ջրանցքից մինչեւ Բեռնարդ Շոուի սրամտությունը, հոլիվուդյան ֆիլմերի ու երկրաչափության կապից մինչեւ թումանյանական անանուն հերոսներ…
Գիտակների հաղթանակը տոնեց ամբողջ դպրոցը: Ահա՛ նրանք՝ օրվա հերոսները՝ Խաչատրյան Արմեն (թիմի ավագ), Վարձելյան Դավիթ, Մանուկյան Անուշ, Ավալյան Հովհաննես, Հարությունյան Վահագն, Մնացականյան Ռոզալիա, Բրուտյան Համլետ (երաժշտական ձեւավորող եւ հարցատու), Ծատինյան Էդմոն (երաժշտական ընդմիջում):
Լավագույն հարցի հեղինակ ճանաչվեց Գոռ Բաբայանը, լավագույն խաղացող՝ Անուշ Մանուկյանը:
Ավետիսյան դպրոցն այժմ անհամբերությամբ սպասում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի գարնանային խաղաշրջանին: Իսկ մինչ այդ մեր հերոսները ձեռքերը չեն ծալել. նրանք գիտակների հերթափոխ են պատրաստում երկու 10-րդ դասարաններում: Հարցերն ու փորձախաղերը ընթանում են եռանդով. ապագա գիտակները սովորում են աշխատել միասնաբար, ճիշտ օգտագործել քննարկման յուրաքանչյուր վայրկյանը, կատարել խելամիտ տարբերակի ընտրություն: