Մեր ենթագիտակցական համոզմունքները նման են անվիճելի հրահանգների, որոնք մեզ թելադրում են կյանքի դրվածքը, թե ինչն է հնարավոր և ինչը՝ անհնարին, և թե մենք ինչ կարող ենք անել, և ինչ՝ չենք կարող: Դրանք ձևավորում են մեր յուրաքանչյուր գործողություն, միտք և մեր ապրած ամեն զգացողություն: Ուստի մեր համոզմունքների համակարգը փոխելը առանցքային նշանակություն ունի՝ կյանքում որևէ իրական և տևական փոփոխության հասնելու համար:

Թոնի Ռոբբինս

«Մարդ արարածները դուրս են գալիս արգանդից, ինչպես վառարանից հանված ապակու ձուլվածք: Նրանց աննկարագրելի հեշտությամբ կարելի է հյուսել, ձգել և ձևափոխել», — իր միջազգային բեսթսելլեր «Սապիենս» աշխատության մեջ նշում է հրեա պրոֆեսոր Յուվալ Նոյ Հարարին:

Սա է պատճառը, որ դեռ շատ վաղ տարիքից տարբեր փորձառությունների, հիշողությունների և իրադարձությունների արդյունքում երեխաները սպունգի նման, անգիտակցաբար իրենց մեջ ներծծում են համոզմունքներ, որոնք ուղեկցում են նրանց ողջ կյանքի ընթացքում: Եթե այդ համոզմունքներն առողջ են, ապա երեխաները դառնում են հաջողակ և երջանիկ անհատներ, իսկ հակառակ դեպքում զգալիորեն տուժում է նրանց կյանքի որակը:

Նման համոզմունքները հիմնականում արմատավորվում են ենթագիտակցության խորքերում, և մարդը դրանց մասին տեղյակ չէ: Սակայն լավ նորությունն այն է, որ հնարավոր է դրանց ջրի երես դուրս բերել և չեզոքացնել՝ փոխարինելով առողջ համոզմունքներով:

Հենվելով գիտության բազմաթիվ ուսումնասիրությունների և փաստերի վրա՝ միջազգային փորձագետները հորդորում են դեռ վաղ հասակից օգնել երեխային՝ բացահայտել իր սահմանափակող համոզմունքները և դրանք փոխարինել աջակցող համոզմունքներով: Սա մի գործընթաց է, որը մարդուն ուղեկցում է իր ողջ կյանքի ընթացքում, ուստի նա պետք է իմանա, թե ինչպես բացահայտել ու չեզոքացնել խանգարող համոզմունքները և ինչպես ձևավորել աջակցող համոզմունքներ՝ երջանիկ ու իմաստալից կյանք կերտելու համար:

Հենց այս առաքելությամբ էլ ԱՀԱԸ «Շող» ցերեկային կենտրոններում և Ավետիսյան կրթահամալիրում սկիզբ է դրվել «Իմաստության հետ արկածները» մանկական քոուչինգ ծրագրին, որը հիմնված է նեյրոգիտության վրա: Ծրագրի «Մտքի ուժը» բաժինը մատչելի լեզվով բացահայտում է մարդու ուղեղի բացառիկ հնարավորությունները և երեխաներին տալիս հատուկ գործիքներ՝ ձևավորելու “հաջողության” մտածելակերպ ՝ ընդհուպ մինչև ենթագիտակցական մակարդակի վրա:

Որպեսզի ավելի գործնական պատկերենք երևույթը, դիտարկենք մեկ իրական օրինակ: Երևանի «Շող» կենտրոնի սան Լ.-ն, երբ դեռ նոր սկսեց հաճախել կենտրոն, մեկուսացած էր, ցրված, ուներ շփման հմտությունների պակաս և չուներ բավարար ինքնավստահություն՝ մեծահասակների հետ հաղորդակցվելու համար:

Դպրոցի դասղեկից ստացած տեղեկատվության համաձայն՝ Լ.-ն չէր կարողանում հասակակիցների մոտ իր կարծիքը բարձրաձայնել, դասերին ձեռք բարձրացնել, պատասխանել տրված հարցերին, քանի որ վախենում էր՝ սխալ պատասխանել և ծաղրի ենթարկվել:

Սոցիալական աշխատանքի և վարպետաց դասերի ընթացքում Լ.-ն սովորեց «Իմաստության հետ արկածները» քոուչինգ ծրագրի հմտությունները և սկսեց աստիճանաբար կիրառել դրանք: Լ.-ն սկսեց լրացնել իր անձնական «Հաջողության օրագիրը», որտեղ քայլ առ քայլ, իր ձեռք բերած գործիքներով դուրս բերեց սեփական խանգարող համոզմունքները և փոխարենը կերտել առողջ և աջակվող համոզմուքներ:

Արդյունքում երեխայի մոտ աճեցին ինքնագնահատականը և վստահությունը, զարգացան նրա շփման հմտությունները, և Լ.-ն կենտրոնում ձեռք բերեց նոր ընկերներ:

Այժմ Լ.-ն խմբային հանդիպումների ընթացքում կարողանում է կարծիքն արտահայտել, չի խուսափում բարձրաձայնել իր տեսակետը, եթե անգամ կարծում է, որ կարող է սխալվել: Սկսել է շփվել նաև մեծահասակների հետ, ու թեև դեռ կարիք ունի բարելավվել այս ուղղությամբ, իր ունեցած վախերի մեծ մասը միանշանակ հաղթահարել է և վստահաբար քայլում է առաջ:

Նման օրինակներ շատ կան, և Հայ Ավետարանչական ընկերակցությունը շարունակում է իր ոչ ֆորմալ կրթական ծրագրերի միջոցով լուրջ ուշադրություն դարձնել երեխաների անձնային համակողմանի զարգացմանը, որն, ինչպես տեսնում ենք, կյանքում հաջողության հասնելու գրավականն է:

Քրիստինա Սիմոնյան

ԱՀԱԸ Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատու