Ոչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում:
Դենի Դիդրո

Ինչո՞ւ այսօր երեխաները չեն կարդում կամ քիչ են կարդում: Ի՞նչ ենք ուզում սովորեցնել աշակերտներին գիրք ընթերցել տալով: Ինչպիսի՞ նպատակ ենք դնում մեր և ընթերցողի առջև: Ո՞վ պետք է նրանց սովորեցնի ընթերցել: Եվ ընդհանրապես, պե՞տք է արդյոք դպրոցն ունենա գրադարան, եթե այն չպետք է ծառայի իր նպատակին: Փորձենք հոդվածում պատասխանել այս հարցերին:

Նախ փորձենք մեզ համար հստակեցնել, թե որն է ընթերցանության նպատակը։ Գիրք ընթերցելիս յուրաքանչյուր ոք ունի տարբեր մղումներ, սակայն բոլորը մի նպատակ են հետապնդում՝ հիշել ամենակարևորը: Իհարկե, մենք չենք կարող հիշել կարդացած նյութի ամեն մի մանրամասնը, սակայն փորձում ենք մտապահել էականը։ Կարելի է կարդալ մի շնչով՝ պարզապես կարդալու համար, սակայն գոնե պետք է կարողանանք հետևել նկարագրված դեպքերի կամ տրամաբանության ընթացքին: Կարծում եմ, որ մենք պետք է գոնե ինչ-որ բան հիշենք կարդացածից։ Եվ ամենակարևորը՝ պետք է հասկանանք մեր ընթերցածը, այլապես բացարձակ անիմաստ ժամանակ ենք կորցնելու ընթերցանության վրա:

Ինչ վերաբերում է այսօրվա դպրոցին, նշեմ, որ մենք հազվադեպ ենք անդրադառնում այս խնդրին, շատ քչերն են երեխաներին բացատրում հանձնարարվածը ճիշտ կարդալու իմաստը՝ սահմանափակվելով մշուշոտ և ընդհանրացված «որպեսզի կրթված լինեք» խրատով։ Մենք  պահանջում ենք, որ կարողանան հիշել և վերարտադրել ընթերցածը, սակայն չենք բացատրում, թե ինչպես դա արդյունավետ անել՝պատճառ բերելով երեխայի վատ հիշողությունը։ Այդ իսկ պատճառով արդյունքում հաճախ նկատում ենք, որ քանիցս վերընթերցելով նույն պարբերությունը՝ աշակերտը կա՛մ դարձյալ չի ըմբռնում իմաստը, կա՛մ ձանձրանում և հոգնում է, կա՛մ էլ հերթական գլուխն ավարտելով՝ դժվարությամբ է վերհիշում ընթերցած նյութը։

Եթե մենք փորձենք երեխային սովորեցնել ընթերցել հասկանալով, երբեմն անգամ նշումներ անելով, այսինքն՝ կարդացածն ընկալելով, ապա շատ հարցերում կհաջողենք: Կարևոր է հասկանալ, որ գիրքը մեր լավ խորհրդատուն և բարեկամն է, մեր երազանքներին թև տվողը և հավատն ամրապնդողը:

Կարծում եմ՝ մինչ այս կամ այն գիրքն ընթերցելը մենք պետք է պատասխանենք հետևյալ հարցերին.

  1. Ո՞րն է այս գիրքն ընթերցելու իմ նպատակը։
  2. Ինչպե՞ս եմ նախատեսում օգտագործել սովորածս կյանքում։
  3. Որքանո՞վ է ինձ համար կարևոր կարդացածս:

Այս հարցերը վերաբերում են գիրքը նպատակասլացորեն, ճիշտ ընթերցելուն։ Մենք պետք է սովորեցնենք աշակերտին հստակ հասկանալ ընթերցանության նպատակը, այլապես կարդացածը շատ շուտ կմոռացվի: Աննպատակ ընթերցանությունը անչափ ձանձրալի բան է:

Սակայն մեր առջև նպատակ դնելով միայն հարցերը չեն սահմանափակվում։ Հնարավոր չէ ամեն բան հիշել, այն էլ՝ առհավետ. մեր ուղեղը դա լավ գիտի։ Ուրեմն պետք չէ զբաղվել ինքնախաբեությամբ, այլ պետք է հստակ որոշել, թե որքան ժամանակ ենք մենք ուզում հիշել կարդացածը։ Որոշ վարժվածություն ձեռք բերելուց հետո մենք կմտապահենք մեր կարդացած նյութն այնքան ժամանակ, որքան որ որոշել ենք։

Դպրոցականները և, ընդհանրապես, մեծերս նույնպես այս կերպ կձերբազատվենք «անհետաքրքիր կամ ձանձալի գիրք» հասկացությունից:

Օրինակ՝ ուսուցիչը կամ գրադարանավարը, եթե տեքստը մեծ է, չի պարունակում հետաքրքրաշարժ, անակնկալ գործողություններ, կամ էլ աշակերտի նպատակը հաճույք ստանալը չէ, այլ, օրինակ, վերլուծելը, խորհուրդ է տալիս երկու անգամ ընթերցել։ Առաջին անգամ հարկ է արագ և հպանցիկ անցնել տեքստի վրայով, ընկալել դրա գլխավոր գաղափարը և կառուցվածքը։ Դա կօգնի կողմնորոշվելու և մոտավորապես պատկերացնելու, թե որքանով է նյութը համապատասխանում ընթերցողի ակնկալիքներին, ինչպես նաև կարդացածի կառուցվածքը ընկալելուն։

Երկրորդ ընթերցանության ընթացքում արդեն անդրադառնում ենք տեքստին պարբերություն առ պարբերություն։ Լավ գրված տեքստի ամեն պարբերության սկզբում ներկայացվում է դրա հիմնական թեզը, որին հաջորդում է զարգացումը, որն ավարտվում է եզրակացությամբ: Նույն կառուցվածքն ունի այդ պարբերություններից բաղկացած բաժինը։

Ամեն պարբերության առաջին նախադասությունը կարդալուց հետո կատարե՛ք ներքին հարցադրում՝ ելնելով ընթերցանության նպատակներից։ Այն կարող է լինել պարզ. օրինակ՝ ինչո՞ւ, ինչպե՞ս, ե՞րբ. կամ ավելի բարդ, օրինակ՝ ինչո՞ւ է հեղինակը սրա մասին խոսում, ինչպե՞ս է սա կապված նախորդի հետ, ես սրան համաձա՞յն եմ, թե՞ ոչ։ Այս հարցադրումներն օգնում են մեզ լավ ընկալելու, պատկերացնելու, վերապրելու հերոսների հետ, նրանց հետ երկխոսության մեջ մտնելու, շաղկապում են ընթերցածը մեր նախորդ գիտելիքներին և փորձին։

Իմ փոքրի՛կ բարեկամ, ընթերցելով զանազան գրքեր, նյութեր, հոդվածներ՝ փորձենք գտնել մեր հարցի կամ հարցերի պատասխանը։ Ավարտական նախադասությունը կարդալով՝ անգամ եթե հեղինակը ինքը չի եզրափակում միտքը (ինչը հաճախ է պատահում), անպայման քո եզրահանգումը մտովի վերարտադրիր և երբևէ մի՛ խուսափիր քո կարծիքն արտահայտելուց։ Ամեն անգամ նոր գիրք սկսելիս, առաջին՝ ներածական պարբերությունը կարդալուց հետո մեկ ընդհանուր հարցադրում սահմանիր քեզ համար։ Բաժինն ավարտելուց հետո մտովի վերհիշիր բոլոր այն եզրակացությունները, որոնց դու հանգեցիր ընթերցելիս։ Միայն դրանից հետո անցիր հաջորդ բաժնին։

Վստահ եմ, որ կիրառելով այս պարզագույն միջոցները՝ կարելի է հասնել զարմանալի արդյունքների.

  1. Ընթերցելու միջին արագությունդ կտրուկ կաճի. դու զգալիորեն ավելի քիչ կհապաղես և մտավախություն չես ունենա, որ իմաստը կկորցնես։
  2. Շատ ավելի լավ կհիշես ընթերցածդ, ինչը կհարստացնի կարդալու փորձառությունդ և քեզ կդարձնի առաջադեմ աշակերտ, հետաքրքիր զրուցակից ու զարգացած մարդ։
  3. Դու ձեռք կբերես լավագույն խորհրդատուի, ընկերոջ և բարեկամի, որն իր խորհուրդներով օգտակար կլինի քեզ կյանքիդ ընթացքում:

Սիրելի՛ բարեկամ, լավ գիրքը մի անվիճելի նշան ունի. մարդու տարիքի հետ այն նրան ավելի ու ավելի է դուր գալիս: Դու ինքդ քո փորձով կհամոզվես դրանում:

Եվ հիշենք՝ գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ խնամքով տեղափոխող:

Մելանյա Գեղամյան
Ավետիսյան դպրոցի տնօրեն, մ.գ.թ.