Ավետիսյան դպրոցում շարունակվում է ուսուցիչների վերապատրաստման, մասնագիտական աճի և կատարելագործման ընթացքը։ Այս ընթացքի մեջ, կրթության մասնագետ, Ավետիսյան դպրոցի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը, այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, սեմինարներ է անցկացնում ուսուցչակազմի հետ:

Նոյեմբերի 4-ին, Ավետիսյան կրթօջախի մանկավարժների համար տիկին Ներսեսսյանն անցկացրեց սեմինար՝ «Լինել ուսուցանվող ուսուցիչ» խորագրի ներքո:

Սեմինարավարը հանգամանորեն կանգ առավ մանկավարժության արդյունավետությունն ապահովող գործոնների վրա, որոնցից առանձնացրեց և մանրակրկիտ ներկայացրեց ուսուցչի համար հույժ կարևոր ազդակը՝ մշտապես և անընդմեջ սովորելու պատրաստակամությունը: Տիկին Ներսսեսյանը նշեց, որ հոյակապ ուսուցիչները երբեք չեն դադարում սովորել, և դա անհերքելի է։ Իսկ ուսուցչի համար ի՞նչ է նշանակում լինել ուսուցանվող: Դա մանկավարժի պատրաստակամությունն է բաց լինելու, լսելու, սովորելու և սովորածը կիրառելու: Այդ գործընթացի արդյունքում է փոխվում, մասնագիտորեն աճում և կատարելագործվում ուսուցիչը:

Տիկին սեմինարավարն իր ասելիքը համեմում և հիմնավորում էր պերճախոս և ազդեցիկ օրինակներով: Դրանցից ամենատպավորիչը Հիսուսի օրինակն էր:

Հիսուսն, իրոք, հրաշալի ուսուցիչ էր: Եվ նրա «Սերմնացանի առակով» իր խոսքը նպատակակետին հասցրեց տիկին Ս. Ներսեսսյանը: Չորս տարբեր հողերի մեջ ընկան սերմնացանի ցանած սերմերը, ասել է թե՝ չորս տարբեր սրտերի մեջ,- համեմատություն անցկացրեց նա,- և դրանց հիմնական տարբերությունն այն էր, թե որքանով էին դրանք «պատրաստակամ՝ ստանալու, սովորելու, փոխվելու և աճելու համար»:

Հիսուսի առակում առաջին երեք հողերը ներկայացնում են այն մարդկանց, ովքեր պատրաստ և պատրաստակամ չեն ստանալու, սովորելու, փոխվելու և աճելու: Ճամփեզրին, ապառաժի վրա և փշերի մեջ չկար այն հողը, որտեղ սերմը կարող էր ծլարձակել և աճել, և միայն չորրորդ՝ պարարտ հողում էր, որ սերմը «հարատևելով պտուղ էր տալիս, կար որ մեկին` հարյուր, և կար որ մեկին` վաթսուն…»:

Այդպես է և այսօր. եթե ուզում ենք կյանքում հաջողակ լինել, պետք է պարարտ, լավ հողի պես լինենք, պետք է լինենք ուսուցանվող: Հատկապես՝ ուսուցիչները:

Ուսուցանվող մարդիկ բաց են սովորելու, բաց են փոխվելու և աճելու՝ հիմնվելով սովորածի վրա: Նրանք պտուղ են տալիս, այսինքն՝ ինչ-որ լավ բան են անում մարդկության համար:

Ավետիսյան դպրոցի մանկավարժների համար թեման սրտամոտ էր և հրատապ: Տիկին Ս. Ներսեսսյանը սիրով մեկնաբանություններ տվեց մտքերի փոխանակություն ընթացքում ծագած հարցադրումներին:

Ուսումնական այս տարվա ընթացքում, ուսուցիչներին համար նախատեսվում են հաճախակի սեմինարներ: