Հրատապ թեմա

Ավետիսյանի ավագ դպրոցի հյուրն էր ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Կարեն Սարգսյանը: Հանդիպման եւ զրույցի թեման ավելի քան հրատապ էր. նորագույն տեխնոլոգիաների, համացանցի եւ ժամանակակից գաջեթների լայնատարած պայմաններում ինչպե՞ս կարողանալ խուսափել դրանց կողմից անուղղակիորեն կառավարվելուց, ինքնուրույն կայացնել որոշումներ, տնօրինել սեփական ժամանակը, լինել սեփական կյանքի կառավարիչը: Պատանիները պատկերավոր եւ մատչելի բացատրություն ստացան այդ ամենին հասնելու համար անհրաժեշտ քայլերի՝ իրավիճակի վերլուծության, հետեւող բացահայտումների, խնդրի ձեւակերպման եւ դրանցից բխող՝ ինքնատիրապետման արդյունքի վերաբերյալ:

Բանախոսը գործնական խորհուրդներ տվեց վիրտուալ աշխարհի թվացյալ երջանկությունից դեպի իրական կյանք անցնելու, ինքնուրույն, սեփական ուժերով հաջողության հասնելու համար եւ սիրով պատասխանեց դահլիճից հնչած հարցերին:

Ինչպես վկայեցին իրենք՝ բարձրդասարանցիները, այսպիսի հանդիպումներն անպայման պետք է լինեն շարունակական: