Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի կարևոր արժեքներից է շրջակա միջավայրի պահպանումը: Դպրոցի ամբողջությամբ կանաչապատ տարածքը սրա վառ ապացույցն է: Կրթահամալիրի աշակերտները մեր կանաչ դպրոցի օրինակով վաղ տարիքից գաղափար են կազմում աղբի վերամշակման, էներգիայի խնայողության, շրջակա միջավայրի պահպանման մասին: Այս ամենը նկատի ունենալով՝ մեր սաները չէին կարող չմասնակցել դեկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգում կազմակերպված «Ապրող ծառ» միջոցառմանը, որին մասնակցում էին Երևանի տարբեր դպրոցների շուրջ 500 աշակերտներ:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվեց «Ապրող ծառ» միջոցառումը, որի նպատակն էր առաջիկա տոներն անցկացնել առանց բնությանը վնաս հասցնելու:
Միջոցառմանը մասնակցող աշկերտների ցանկությունն էր մարդկանց ցույց տալ և համոզել, որ կարելի է Ամանորին մեր տներն ու քաղաքը զարդարել՝ չվնասելով մեր բնությունն ու շրջակա միջավայրը: Ժյուրի կողմից սահմանված որոշակի կոնոններին հետևելով մեր դպրոցի վեցերորդ և յոթերորդ դասարանների սաները դպրոցի տնօրենության և ուսուցիչների օգնությամբ հին ամսագրերի թերթերից պատրաստեցին տոնածառ, սկավառակներից՝ գունեղ խաղալիքներ, բամբակե ձնեմարդ, որը ոչնչով չէր զիջում իսկականին:
Աշակերտները, իրենց պատրաստած յուրօրինակ զարդարանքներով ոգևորված, որոշեցին իրենց բնակարանները ևս պճնել «էկո» տոնածառերով և այլ ՝ բնության համար անվնաս զարդարանքներով:
Այս միջոցառումը նպաստեց դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը:
