Ավետիսյան դպրոցի սիրելի՛ ուսուցիչներ, ծնողնե՛ր, սանե՛ր, սիրելի՛ հայ հասարակություն: Այս փորձաշատ օրերին ամբողջ հայ հասարակությունը համաշխարհային հանրության հետ մեկտեղ հայտնվել է հերթական քննության առջև, որը մեկ բառով կոչվում է կորոնավիրուս:
Մեր մոլորակի համար դա կենաց-մահու քննություն է, մեր փոքրիկ հայրենիքի և ժողովրդի համար՝ առավել ևս: Պատմությունը, սակայն, ցույց է տվել, որ 5-րդ դարից մինչև մեր օրերը՝ Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ և արցախյան ազատամարտ, մենք պատվով ենք հանձնել այդ քննությունը. մեկդի ենք թողել մինչև պատուհասը մեր ունեցած բոլոր տարաձայնությունները, վեճերը, տարաձայնություններն ու նույնիսկ թշնամանքը և ուս ուսի ենք տվել՝ ընդդեմ ընդհանուր աղետի: Եվ դիմակայել ենք, և հաղթահարել ու հաղթել ենք, և ապրում ենք, կանք:
Համախմբվածություն՝ անկախ ամեն ինչից, հանուն ճգնաժամից դուրս գալու: Սա եղել և մնում է մարդկության հայ տեսակի գոյության միակ բանաձևը:
Այս օրերին էլ, երբ ախտավարակը սպառնում է մեր ժողովրդին, մենք դարձյալ համախմբված ենք, կողք կողքի: Եվ ջանք չենք խնայում, որ մեր կյանքի ոչ մի բնագավառ կաթվածահար չլինի, այդ թվում և առավել ևս՝ ուսումը: Ավետիսյան դպրոցում դա իրականացվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և հաստատած հեռավար ուսուցման սկզբունքներով: Այդ աշխատանքի ընթացքը և արդյունքները տեսանելի են Viber, Skype, Zoom և այլ հարթակների էջերում:
Սիրելի՛ ծնողներ, մենք՝ մանկավարժներս, նույնպիսի զգոնություն և պատասխանատվություն ենք ակնկալում նաև ձեզանից: Եթե տեխնիկական կամ անակնկալ (չնախատեսված) այլ պատճառով որևէ աշակերտի մատչելի չեն այդ հարթակներից և ոչ մեկը, ապա հորդորում ենք ձեզ՝ ժամանակ չկորցնել ապարդյուն դժգոհության, բողոքի կամ երբեմն նույնիսկ զրպարտության վրա, այլ լինել գործնական. անմիջապես կապ հաստատել տվյալ առարկայագետի, դասղեկի կամ տնօրինության հետ՝ խնդրին լուծում գտնելու համար: Մեր երեխաներն են մեր ապագան, և դուք՝ ծնողներդ, ու մենք՝ ուսուցիչներս ենք պատասխանատու այդ ապագայի այսօրվա ծիլերը հզոր ծառ դարձնելու համար:
Այնպես որ, սիրելի՛ ծնողներ, կապ պահպանեք մեզ հետ, եթե ձեր երեխան հեռավար ուսուցման հարթակին միանալու դժվարություն ունի. լուծում գտնելու միակ ճիշտ ճանապարհը դա է:
Կորոնավիրուսը մարտահրավեր է նետել բոլորիս անխտիր: Ուրեմն եկեք դիմակայենք նույնպես անխտիր, միասնաբար:
Մ. Գեղամյան
Ավետիսյան կրթահամալիրի տնօրեն