ԵՊՄՀ-ում կայացավ հանրապետական մանկավարժական կենտրոնի (ՀՄԿ) «Ապահով դպրոց. կրթություն առանց բուլինգի» մանկավարժական աշխատաժողովը:
Քննարկվող թեման էր «Դպրոցներում բուլինգի կանխարգելման եւ արձագանքման ընթացակարգերի ներդրում» պիլոտային ծրագիրը: Դպրոցները ներկայացրին բուլինգի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Ավետիսյան դպրոցում ապահով կրթությանը նպատակաուղղված քայլերի մասին պատմեց դպրոցի հոգեբան մանկավարժ Արփի Խաչատուրյանը: Նա ներկաների ուշադրությունը կենտրոնացրեց մասնավորապես «Ծնող-դպրոց-ուսուցիչ» եռանկյունու ճիշտ եւ անընդհատ հարաբերությունների արդյունավետության վրա:
Ի թիվս բազմաբնույթ միջոցառումների՝ աշխատաժողովը ներառել էր նաեւ «Ո՛չ բուլինգին» թեմայով դպրոցականների նկարների ցուցահանդեսը, որտեղ աչքի ընկան ավետիսյանցիներ Հովսեփ Ղազարյանի (5-րդ դասարան) եւ Եվա Թութխալյանի (4-րդ դասարան) աշխատանքները, ընդ որում Հովսեփի նկարները ճանաչվեցին լավագույնը:
Պիլոտային ծրագրի շրջանակում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար Ավետիսյան դպրոցի հոգեբան մանկավարժ Ա. Խաչատուրյանը պարգեւատրվեց շնորհակալագրով, իսկ Ավետիսյան դպրոցը, ի դեմս տնօրեն Մելանյա Գեղամյանի, մանկավարժական աշխատաժողովին ակտիվ մասնակցության, արդյունավետ համագործակցության եւ որպես ծրագրի «դեսպան դպրոց» հանդես գալու համար արժանացավ ՀՄԿ հավաստագրի: