Դաս աստվածուհու հետ

«Մենք իմանում ենք Անահիտ աստվածուհու մասին». այսպիսին էր դասի հերթական թեմայի վերնագիրը: Եվ երբ պատմության երիտասարդ ուսուցիչ Արմեն Հովսեփյանն առաջարկեց դասն անցկացնել մեր երկրի բացառիկ «հյուրի»՝ ներկայումս Հայաստանի պատմության թանգարանում գտնվող հայոց հեթանոսական դիցարանի մայր աստվածուհու՝ ոսկեծղի Անահիտի կիսանդրու կողքին, վեցերորդցիների ոգեւորությանը չափ չկար: Դասղեկներ Նաիրա Սահակյանի եւ Լիանա Բարսեղյանի ուղեկցությամբ եւ պատմության ուսուցչի առաջնորդությամբ դասերից անմիջապես հետո նրանք ուղեւորվեցին թանգարան:

Էքսկուրսավարի կարիք չզգացվեց, քանի որ դասը վարում էր հենց ինքը՝ ընկեր Հովսեփյանը: Բրոնզաձույլ աստվածուհին էլ դպրոցականների հետ մեկտեղ ասես հպարտությամբ լսում էր այն ամենը, ինչ պատմում էր ուսուցիչը հայոց հնագույն հարուստ պատմության, մեր նախնիների, իր դիցային  յուրահատուկ «ընտանիքի» մասին:

Ամենից ուշագրավը, սակայն, հետո էր. էքսկուրսիայի հաջորդ օրը երեխաները դպրոց եկան գործնական աշխատանքներով. նրանք իրենց երեւակայությամբ եւ ուժերը ներածին չափով փորձել էին ամբողջացնել ոսկեծղի Անահիտի կերպարանքը: Անշուշտ, բոլորի աշխատանքն էլ ընկեր Հովսեփյանը գնահատեց «գերազանց»: