«Ինչպես արծիվ»-ով սկսվեց և «Քոչարի»-ով ավարտվեց հայոց պատմության դասը 8-րդ «գ» դասարանում (ուսուցիչ՝ Զ. Ավետիսյան), թեման՝ «Հայդուկներ», ինչը հուշում էր, որ դա չէր կարող սովորական դաս լինել: Եվ, իրոք, դա դաս-ներկայացում էր՝ նվիրված մեր ազատագրական պայքարի հայդուկային շարժման երեք մեծ գործիչների՝ Անդրանիկ Օզանյանին, Գևորգ Չաուշին, Աղբյուր Սերոբին: Պատանիները մեկ առ մեկ թերթեցին, գործնական աշխատանքների շնորհիվ իրենք ևս «հասան» Առաքելոց վանք, Սոխորդի կամուրջ, Գելիեգուզան, հարգանքի տուրք մատուցեցին մեծ հայդուկապետերի և նրանց զինակիցների անմահ հիշատակին:
Լուսանկարներում՝ Գևորգ Չաուշի կինը՝ Հեղին-Եղսոն, կարդում է ամուսնու հրաժեշտի նամակը. «Ես պսակված եմ հրացանիս հետ»:
Եղսոն դիմում է որդուն. «Տղա՛ս, քո հայրն ասում էր. «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի անկախության արևը»:
Աղբյուր Սերոբը՝ Անդրանիկի մասին. «Այս տղան մեծ անուն պիտի ունենա»։
Տղաներն ու աղջիկներն անգիր են սովորում Զորավար Անդրանիկի ասույթը. «Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»:
Երբ Նեմրութի Ասլան Սերոբը Խլաթում դիմում էր իր զինակիցներին, թե՝ «Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», նրա կողքին, զենքը ձեռքին, կանգնած էր Սոսեն՝ հավատարիմ կինն ու զինակիցը: