Հայ մեծ վիպասան Րաֆֆու «Խենթը» վեպի հետ կապված բազմաթիվ հարցեր առաջին իսկ օրվանից հուզում էին 8-րդ դասարանցիներին: Նրանք այդ հարցերով ուղղակի հեղեղում էին գրականության ուսուցչուհուն՝ որտե՞ղ, ինչպե՞ս, ե՞րբ, արդյո՞ք, մի՞թե…

12169431_459871620884306_344395013_oԴրանց պատասխանը գտնելու համար հոկտեմբերյան մի արևոտ օր «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի աշակերտները ծնողների և ուսուցիչների ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Էջմիածին՝ Սուրբ Գայանե վանք, որի գավթի տեսարանով էլ ավարտվում է մեծ ռոմանտիկի վեպը:

Ահա և վանքը, Խենթի տապանաքարը՝ ծննդյան և մահվան տարեթվերով, հերոսի իսկական անուն-ազգանունով: Ծաղիկներ, համառոտ անդրադարձ Սամսոն Տեր-Պողոսյանի սխրալից կյանքի ուղուն: Պատանիները հուզախռով վիճակում են. հենց այստեղ և հենց այս պահին իրենք անմիջականորեն շաղախվում  են հարազատ ժողովրդի պատմությանը…   12168735_459871734217628_1625509384_o

Իսկ վանքի հին գերեզմանատանը ութերորդցիները սրտի թրթիռով գտան Լալայի համեստ շիրմաքարը: Աղջիկներից ոմանք հուզմունքից լռել էին. այնքա՜ն են պատկերացրել այս պահը:

Ուրախալին այն էր, որ «Խենթի» հերոսուհու գերեզմանին մեզանից առաջ էլ այցելողներ էին եղել, վկայությունը՝ չորացած սպիտակ մեխակները, որոնց կողքին և շուրջը վարդ ու մեխակներ շարեցին մեր ութերորդցիները:

Վերադարձին, արտասանելով Վահագն Դավթյանի «Զվարթնոցի արծիվը», խումբը կանգ առավ «Զվարթնոց» պետական արգելոց-թանգարանի մոտ: Չքնաղ տաճարի կանգուն և տապալված խոյակներն ուսումնասիրելուց,  ավերակների մոտ լուսանկարվելուց, ասմունքելուց հետո խումբը բռնեց տունդարձի ճանապարհը:

12169475_459871920884276_565735311_o