Վերջին զանգ

«Մենք դեռ նոր ենք կյանք մտնում ու դեռեւս ոչ մի աղմկալից գործ չենք արել մեր հայրենիքի համար: Սակայն սովորելով, գիտելիքներ ձեռք բերելով՝ համարձակվում ենք ասել, որ արել ենք հայրենասիրության առաջին քայլը: Եվ այսօր մի բան մենք հաստատ գիտենք՝ հայրենիքը շատ-շատ ավելին է, քան մեզնից յուրաքանչյուրը պատկերացնում է»:

Սա է Ավետիսյան դպրոցի այս տարվա 40 շրջանավարտներից յուրաքանչյուրի հավատամքը:

«Մենք մեծ կյանք ենք տանում այն ամենը, ինչ ներարկել են մեզ Ավետիսյան դպրոցում՝ արժանապատվություն, ոգի, հույս, հավատ եւ սեր՝ առ ուսումը, առ ընտանիքը, առ հայրենիքը»:

«Հայրենիքը ե՛ս եմ, նա՛ է, անկասկած,
Հայրենիքը մեկ էլ դո՛ւ ես, երբ որ գաս»:

Պատանեկան այսպիսի ոգեշունչ ասմունքով հագեցած մթնոլորտում հարազատ դպրոցին հրաժեշտ տվեցին տասներկուերորդցիները (դասղեկներ՝ Ծովիկ Մանուկյան, Գայանե Նահապետյան): Նրանք ասես ամեն մի բառն ասես ընտրել, հղկել ու ոգի էին հաղորդել հնչող ամեն մի բառին: Իրենց վերջին դասով շրջանավարտներին միացան եւ ձայնակցեցին նաեւ իններորդցիները՝ դասղեկներ Ժանետ Թահմազյանի եւ Մերի Հակոբյանի հետ:

Եվ դպրոցական վարդաշատ բակում սփռվեցին սիրո ու նվիրումի խոսքեր, սրտաբուխ արցունքախառն մաղթանքներ, իրար հաջորդեցին ավանդական վալսն ու ժամանակակից պարերը: Իսկ երբ թունդ առավ մեր հիասքանչ «Քոչարին»՝ ներկաներին տոգորելով մեր ազգային պարի գեղեցկությամբ, հզորությամբ, հպարտությամբ, պարաշրջան դարձավ ամբողջ դպրոցը՝ աշակերտից ուսուցիչ:

Ասես մայրական բարեմաղթանք սիրասուն զավակներին՝ հնչում է դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի խոսքը: Նրա հայրենաշունչ պատգամը եւս մեկ անգամ հաստատում է օրվա խորհուրդը՝ հայրենիքն սկսվում է օրորոցից, եւ միշտ էլ գալիս է այն պահը, երբ մեզնից յուրաքանչյուրն ապացուցում է դա:

«Հայրենիքը քո զինվորն է անտրտունջ,
Որ ծառայում է անմռունչ, լուռումունջ»,- արտասանում են պատանիները:

Ապա տիկին Մ. Գեղամյանը հայտարարում է լռության րոպե.

«Հայրենիքը այն տղերքն են նահատակ,
Որ չուզեցին ապրել շեղված լուսնի տակ…»:

Ընթերցվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի ջերմ ուղերձը: Այնուհետեւ եւ ինչպես միշտ՝ «Հայր մեր», ողջագուրումներ, լուսանկարում: Եվ օրվա հերոսները, շրջապատված ուսուցիչներով և ծնողներով, քայլում են դեպի Սուրբ Երրորդություն եկեղեցի: Տղաները հանկերգում են.

Հայրենիքը ե՛ս եմ, նա՛ է, անկասկած,
Հայրենիքը մեկ էլ դո՛ւ ես, երբ որ գաս: