Արդեն վեցերորդ տարին է, ինչ, որպես ապրիլի 24-ի բնականոն շարունակություն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է «Ծաղկահավաք» միջոցառումը :
Այս նախաձեռնությունը մեկտեղում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում անմար կրակի շուրջը խոնարհված բյուրավոր ծաղիկների «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով դրանք կրկին օգտագործելու առաքելությունը: Ցողունն անջատվում է ծաղկաթերթերից և վերածվում պարարտախառնուրդի՝ օգտագործվելով հուշահամալիրի Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ խնամքով անջատված ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ ստանալու համար, որից պատրաստվում են հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ և այլն:
Բնականաբար, հենց սկզբից այս մեծախորհուրդ նախաձեռնությանն առաջինը արձագանքողների մեջ էին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի/ «Հայ կրթություն» հիմնադրամի «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» կրթահամալիրի/ էկոակումբի անդամները: Նրանք ամեն տարի՝ ապրիլի 27-ին, բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ մասնակցելու ծաղիկների տեսակավորման, մշակման և տարածքի մաքրման աշխատանքներին: Այդ առումով բացառություն չէր նաև 2016-ի ծաղկահավաքը: Այսօր՝ ապրիլի 27-ին, «Հայ կրթության» էկոակումբի անդամները՝ 6-11-րդ դասարանների 16 աշակերտ, երկժամյա հերթափոխով ժրաջանորեն աշխատեցին հանրապետության այլ դպրոցների աշակերտների, ուսանողների, զինվորականների, սփյուռքահայերի, օտարազգի հյուրերի, դիվանագիտական մարմինների, պետական, հասարակական և միջազգային հաստատությունների ներկայացուցիչների և այլ կամավորների կողքին:
Լուսանկարները՝ Անդրանիկ Մարդոյանի